22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Մենք բոլորս ենք պարտք այս մարդկանց, նրանց երեխաները մեզ համար զոհվել են». Քննչական կոմիտեի մոտ շարունակվում է զոհված զինվորների ծնողների ակցիան

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները շարունակում են ակցիան ՀՀ քննչական կոմիտեի շենքի դիմաց։ Նրանք պահանջում են պատասխանատվության ենթարկել կարմիր բերետավոր այն ոստիկաններին, որոնք «Եռաբլուր» պանթեոնում մարմնական վնասվածք են պատճառել զոհված զինվորների մայրերին։

Ակցիան կշարունակվի մինչև այսօր՝ ժամը 14։00-ն։ Ժամ 15։00-ին ծնողները կհայտարարեն իրենց հետագա անելիքների մասին։

44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, լրագրողների հետ զրույցում ասաց՝ եթե մինչև 14։00-ն ոստիկաններին մեղադրանք չառաջադրեն, իրենք հայտարարություն կանեն։

«Մենք էլ չենք գա Քննչական կոմիտե, հույսներս կկտրենք։ Կքննարկնեք՝ ինչ ենք անելու, բոլոր մտահոգ քաղաքացիներին հրավիրել ենք այստեղ ժամը 15։00-ին», – ասաց նա։

Ռոստոմյանը կարծում է, որ իրավական դաշտում իրենց պայքարը կդադարեցվի. «Քանի իշխանության ղեկին է Նիկոլ Փաշինյանը, որևէ իրավական համակարգ չի աշխատելու»։

Զինծառայողների ծնողներին այսօր աջակցելու էին եկել «Հայրենիք» կուսակցության անդամներ, փաստաբաններ Արսեն Բաբայանն ու Սոս Հակոբյանը։

Արսեն Բաբայանը կարծում է, որ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը պարտավոր է իջնել ու մոտենալ ծնողներին։

«Մի երիտասարդ տղա՝ Արգիշտի Քյարամյան անուն-ազգանունով, ուղղակի չի բարեհաճում իջնել ու այս մարդանց հետ խոսել։ Այս մարդիկ սովորական մարդիկ չեն, նրանք զոհվածների ծնողներ են, մենք բոլորս ենք պարտք այս մարդկանց։ Լավ, հայ տղա ես, մի հատ չիջնե՞ս, ամոթ չի՞։ Քո համար նստում ես տաք սենյակում ու նայում՝ ոնց են մարդիկ մրսում», – լրագրողների հետ զրույցում ասաց Բաբայանը։

Սոս Հակոբյանն էլ կարծում է, որ ՔԿ-ի մոտ հավաքված են «սուրբ մարդիկ»։

«Այստեղ այն մարդիկ են, որոնց երեխաները մեզ համար զոհվել են։ Եկեք, այս մարդկանց կողքին կանգնեք», – ասաց նա։

Հակոբյանը սպասելիք չունի ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանից, որ որևէ հարցում օրինական լուծման կգնա, պարզապես սպասում է, որ Քյարամյանը գոնե իջնի, ծանոթանա ծնողների պահանջներին, խոստանա որոշակի քայլեր։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ