Մինչև 2018 թ․ բանակցող 5 կողմերից 5-ն էլ համարում էին, որ Մադրիդյան սկզբունքները լուծում են ԼՂ խնդիրը. 2018-ից հետո միայն Հայաստանի կառավարիչն է ասում, թե փաստաթուղթը «ԼՂ հանձնելու մասին է»
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախօրեին խորհրդարանում հնչեցրած այն հայտարարությանը, թե «Մադրիդյան սկզբունքներով Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչել է հայկական կողմը»։
ՀՀ երրորդ նախագահի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ․
«Ես ամեն անգամ Հայաստանի կառավարիչի կողմից հնչեցրած հերյուրանքների մասին մտածելիս ուզում եմ ինքս ինձ համար հասկանալ, թե կոնկրետ այդ պարագայում այդ մարդն ինչի՞ հետ ավելի շատ խնդիր ու նի՝ բարոյականությա՞ն, փաստաթուղթ կարդալու և ընկալելու ունակությա՞ն, թե՞ հիշողության հետ, որովհետև երբ ուզում՝ հիշողությունը կորցնում է, երբ ուզում՝ խախտում է բոլոր նորմերը, ինչ ուզում՝ անում է։ Երբ ուզում է՝ պատերազմը խաղաղություն է համարում, երբ ուզում է՝ պարտությունը հաղթանակ է համարում։ Ես ի՞նչ կարող եմ դրա մասին ասել։
Բայց բոլորդ էլ տեղյակ եք, չէ՞, որ մինչև 2018 թվականը բանակցող 5 կողմերից 5-ն էլ համարում էին, որ Մադրիդյան սկզբունքները լուծում են ԼՂ ինքնորոշման իրավունքի հարցը։ 5 կողմերը թվարկում եմ, որպեսզի բոլորը հիշեն՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստանի Դաշնություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա։
2018 թվականից հետո այս 5-ից 4-ն են հայտարարում, որ Մադրիդյան սկզբունքները լուծում էին ԼՂ խնդիրը՝ Ադրբեջան, Ռուսաստանի Դաշնություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա։ Միայն Հայաստանի կառավարիչն է ասում, որ այդ փաստաթուղթը ԼՂ հանձնելու մասին է։
Ամոթ է, վերջապես, թող գնան մեր երկրի անվտանգությունն ապահովեն, թող հիշեն, թե ջախջախիչ պարտությունից հետո բուն ՀՀ տարածքից ինչքան են կորցրել։ Եթե չհիշեն, ես հիմա ասեմ, թող մտածեն՝ 100 անգամ ավելին, քան ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մենք կորցրել ենք անվտանգության գոտուց։ 4 անգամ ավելի շատ զոհեր, կորուստ ենք ունեցել, քան ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։
Այդպե՞ս են խաղաղության գնում, դա՞ է խաղաղությունը»։