ՀՀ սահմանը հատած երկրորդ ադրբեջանցուն բռնել է Կապանի անտառապահներից մեկը, նշվում է, որ նրա մոտ եղել է ԶՊՄԿ սպանված աշխատակցի հեռախոսը
Aravot.am-ի տեղեկություններով, Հայաստանի սահմանը հատած երկրորդ ադրբեջանցին հայտնաբերվել է Սյունիքի մարզում։ Այս պահին նրան տանում են ոստիկանության Կապանի բաժին։
Նույն աղբյուրների համաձայն, որոնողական աշխատանքներին մասնակցել է նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, որն, ըստ ականատեսների, ողջ գիշերը Կապանի տարածաշրջանի անտառներում էր՝ Կապանի անտառտնտեսության աշխատակիցների հետ։
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ադրբեջանցու մոտ եղել է նախօրեին ԶՊՄԿ-ում սպանված աշխատակցի հեռախոսը։
«Երեկ երեկոյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում հրազենային կրակոցով սպանվել էր պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանը, եւ, ըստ որոշ տեղեկությունների, սպանություն կատարողն այն ադրբեջանցիներից մեկն էր, ով ներխուժել էլ Սիսիան՝ քաղաքացու տուն, ու դրան չէին հասցրել բռնել։
Ըստ տեղեկությունների՝ նրա ձեռքին եղել է Հայրապետ Մելիքսեթյանի հեռախոսը», – գրել է Զոհրաբյանը։
Հիշեցնենք` ՊՆ հայտնել է, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը։