Երեկվա միջադեպը բանակցությունների տապալման հետևանքով չի տեղի ունեցել. եղել է կոնկրետ սադրանք. Պաշտպանության փոխնախարար
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո նոր ձևավորված բնագծերում՝ Սոթքից մինչև Ներքին Հանդ և այլն, բազմաթիվ դեպքեր են գրանցվում հայ ու ադրբեջանցի զինծառայողների միջև, վերջին ողբերգական միջադեպն էլ գրանցվել է երեկ:
«Ուզում եմ հասկանալ՝ բանակցություն ասվածը, որը տեղի է ունենում հայ ու ադրբեջանցի զինծառայողների միջև, ինչպե՞ս է կանոնակարգվում, ի՞նչ հրամանների, ի՞նչ որոշումների հիման վրա: Ի վերջո, ո՞վ է լիազորություններ տալիս որևէ մեկին որևէ հատվածում բանակցելու ադրբեջանցիների հետ», – դիմելով Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին՝ հետաքրքրվեց Աբրահամյանը:
Փոխնախարարն էլ ասաց, թե որպես կանոն, եթե տեղում են կայանում բանակցություններ, իրականացվում է հրամանատարների միջոցով՝ ներքին պայմանավորվածությունների հիման վրա:
«Որևէ ձևով հնարավոր չէ կանոնակարգել, թե որ պահին կարող է բանակցելու անհրաժեշտություն առաջանալ, որովհետև բանակցություն ասվածը լայն հասակցություն է ու փոքր հարցի շուրջ անգամ պայմանավորվածությունը բանակցության ձև է», – նշեց Սարգսյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ով է որոշում սահմանը՝ նա ասաց, թե կա համապատասխան հանձնաժողով, որը զբաղվում է սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներով, ու սրանց շրջանակներով համապարփակ լուծում է տրվելու:
«Բայց տեղային վեճերը, որոնք երբեմն ծագում են ներկայացված քարտեզների, այլ պնդումների միջոցով, լուծվում են տեղում՝ բանակցության, պայմանավորվածության, զրույցների միջոցով», – ասաց Պաշտպանության փոխնախարարը։
Տիգրան Աբրահամյանն էլ ընդգծեց՝ եթե կա հանձնաժողով, ապա անհասկանալի է տեղում զինվորականների կամ հրամանատարների կողմից բանակցություն վարելը:
«Փաստացի, երեկ բանակցությունների տապալման հետևանքով չորս զինծառայող է զոհվել, հակասություն կա այստեղ», – ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը:
Արման Սարգսյանն էլ հակադարձեց՝ երեկվա դեպքը բանակցությունների տապալման հետևանքով տեղի չի ունեցել։
«Ադրբեջանցիների կողմից կոնկրետ տեղի է ունեցել սադրանք, ակնհայտ երևում է դա նաև մեր տարածած տեսագրությունից: Երեկվա միջադեպը բացատրել իբրև բանակցության տապալում…, ուղղակի ինժեներական աշխատանքներ իրականացնողների մոտ եկել են մարդիկ ու սադրել են, ինչի արդյունքում տեղի է ունեցել միջադեպը», – նշեց Պաշտպանության փոխնախարարը: