Թշնամու զինուժն առաջ է եկել մոտ 1 կիլոմետր․ «Հրապարակ»
Մարտի 25-ին ՌԴ ՊՆ-ն տեղեկատվություն տարածեց, որ Ադրբեջանի զինուժը, խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, Շուշիի հատվածում հատել է շփման գիծը, զբաղեցրել 2054,0 բարձունքը` Եղցահողի Սարի Բաբա կոչվող լեռից 2,9 կմ դեպի հյուսիս-արեւելք, եւ իրականացնում է դիրքի կառուցման ինժեներական աշխատանքներ: Անմիջապես լուր տարածվեց, որ ադրբեջանական կողմը, գրավելով այս բարձունքը, իր հսկողության տակ է վերցրել Արցախ-Հայաստան լեռնաանտառային ճանապարհը, որով դեռեւս որոշակի կապ էին պահպանում Հայաստանի հետ: Մեր արցախյան աղբյուրից հետաքրքրվեցինք, թե ինչ իրավիճակ է տիրում, որքան են ադրբեջանական հրոսակներն առաջ եկել:
Նշված տարածք այցելած մեր զրուցակիցն ասաց, որ նախ` ոչ թե հողային ճանապարհն են գրավել, այլ ընդհուպ մոտեցել են ճանապարհին, եւ այդ ճանապարհով երթեւեկելը դարձել է վտանգավոր` ճանապարհը հայտնվել է նշանառության տակ, ուստի հայկական կողմը խուսափում է այդ ճանապարհն օգտագործելուց: Թշնամու զինուժն առաջ է եկել մոտ 1 կիլոմետր, եւ դա նաեւ ռուսական խաղաղապահների անգործության, թողտվության հետեւանքն է: Խաղաղապահները փորձում են խաղաղ միջոցներով հետ մղել ադրբեջանցիներին` կոչ են անում, հորդորում են հետ քաշվել ելման դիրքեր, բայց առայժմ՝ անարդյունք: Բացի այդ, մշտապես փոխհրաձգություններ են լինում հայկական պաշտպանական բանակի եւ ադրբեջանցի զինյալների միջեւ: Բայց զոհեր ու վիրավորներ չունենք:
Ինչ վերաբերում է հողային, այլընտրանքային ուղիներին, ապա Լիսագորի այս ճանապարհից բացի, այլ շրջանցող ճանապարհներ էլ կան, որոնք կարող են օգտագործվել Հայաստան-Արցախ կապը պահելու համար, բայց դրանք դժվարանցանելի են»: