23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երեքշաբթին բարի չէր Նիկոլ Փաշինյանի ու նրա քարոզչական թիմի համար․ «թարս օր» էր․ «Փաստ»

Երեքշաբթին բարի չէր Նիկոլ Փաշինյանի ու նրա քարոզչական թիմի համար: Ասենք՝ «բարի չէր»-ը մեղմ և փափուկ բնորոշում է: Միանգամից պետք է նկատել՝ «թարս օր» էր: Հարվածն էլ եկավ այնտեղից, որտեղից Նիկոլ Փաշինյանն ու նրա պարգևավճարյալ խումբը ամենից քիչ կարող էին սպասել. Միացյալ Նահանգներից: Բանն այն է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշել էր, «Մարդու իրավունքների» զեկույցի քորոցն առած, հատիկ առ հատիկ պայթեցնել «ժողովրդավարության չեմպիոնների լիգայի», «ժողովրդավարության բաստիոնի» և նմանօրինակ այլ ձևակերպումներով փաշինյանական քարոզչության փուչիկները: Նախ՝ հիշեցնենք, որ ԱՄՆ արտաքին-քաղաքական գերատեսչությունը, նույն ինքը՝ Պետքարտուղարությունը կամ Պետդեպարտամենտը (Պետդեպ՝ հարմարության համար) ամեն տարի ալամ աշխարհի երկրներում մարդու իրավունքների առումով եղած վիճակի զեկույց է պատրաստում ու հրապարակում:

Եվ ահա, 2022թ. Մարդու իրավունքների ԱՄՆ Պետդեպի զեկույցում Հայաստանի վերաբերյալ այնպիսի՜ նշումներ են արված, որ եթե չիմանաս, թե որ երկրի մասին է, ապա կմտածես, որ նկարագրված է աֆրիկյան որևէ արնախում-բռնատիրական ռեժիմի անմարդկային լծի տակ կեղեքվող ժողովրդի վիճակն ու դառը ճակատագիրը: Սակայն, ի ցավ մեզ, խոսքը հենց մեր երկրի, մեր ժողովրդի մասին է: Ի՞նչ են արձանագրել ԱՄՆ զեկույցի հեղինակները շատերի կողմից արևմտամետ ընկալվող Նիկոլ Փաշինյանի կառավարության ու նրա իշխանության ներքո հեծող-հեծեծող Հայաստանում տիրող վիճակի մասին: Հիացեք, խնդրեմ. ԱՄՆ Պետդեպի զեկույցի համաձայն, 2022-ին Հայաստանում լուրջ խնդիրներ են գրանցվել իրավապահ մարմինների («անվտանգության ուժերի») կողմից քաղաքացիներին խոշտանգելու, բանտային ծանր պայմաններում պահելու, կամայական ձերբակալություններ իրականացնելու, մարդկանց անձնական կյանքին ապօրինի միջամտելու առումներով:

Բայց դա էլ ամենը չէ: ԱՄՆ Պետդեպի զեկույցում նշվել է նաև այն մասին, որ Հայաստանում իրականացվում են խոսքի ազատության սահմանափակումներ: Ավելին, նշվում է, որ դատական համակարգը անկախության խնդիր ունի կամ էլ, ուղիղ ասենք, անկախ չէ: Եվ ոչ պակաս սպանիչ է ԱՄՆ Պետդեպի զեկույցի արձանագրումը Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության մասին: Ասում ենք՝ «սպանիչ», քանի որ բառացիորեն մի քանի օր առաջ իր բազմաժամանոց ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, չգիտես թե ում համոզելու հույսով, հայտարարեց, թե բա՝ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա: Եվ ընդամենը մի քանի օր անց «քեռի Սեմը» Վաշինգտոնից հեգնեց. «Տղա ջան, էս կարո՞ղ է «տեղը չես բերում», որ նման բաներ ես ասում: Կարո՞ղ է գիտես՝ մենք էլ քեզ ձայն տված կամովին դյուրահավատներն ենք…»:

Կարճ ասած, ԱՄՆ Պետդեպի զեկույցում Նիկոլ Փաշինյանի իշխանության «թավշյա» փետուրները քամուն են տվել, քիչ չէ, դեռ մի բան էլ լիովին մերկացրել են Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի ժողովրդավարական լինելու մասին հայտարարությունների սնանկությունը: Որպեսզի հասկանալի լինի, թե ԱՄՆ Պետդեպի զեկույցի հեղինակները որքան ուշադիր են գտնվել իրողություններ արձանագրելու առումով, այստեղ նշենք զեկույցում արտացոլված նաև այն դիտողությունը, ըստ որի, «ՀՀ կառավարությունը ձեռնարկել է միայն սահմանափակ քայլեր՝ նախկին և ներկա պետական պաշտոնյաների և իրավապահ մարմինների կողմից ենթադրյալ չարաշահումները հետաքննելու և պատժելու համար: 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանի զինված ուժերի կամ անհատների կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ կառավարության հետաքննության ընթացքում որևէ առաջընթաց չի արձանագրվել»:

Նրանց ուշադրությունից նմանապես չի վրիպել նաև հայկական բանակում ոչ մարտական գործողությունների հետևանքով մահերի և իրավապահների կողմից այդ մահերի հետ կապված պատշաճ հետաքննություն չանցկացնելու վերաբերյալ հարցը: Մի խոսքով, ԱՄՆ Պետդեպի զեկույցում այնպիսի նշումներ են արվել, որ եթե դա լիներ, օրինակ՝ մի 10-15 տարի առաջ, ապա Նիկոլ Փաշինյանը առնվազն կես տարի թերթից, ԱԺ ամբիոնից-բանից հենց միայն դրա մասին կգրեր ու կաղմկեր: Բայց այստեղ այլ հարցեր էլ կան: Իհարկե, այնպես չէ, որ մենք, ի վերջո, ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցից պիտի տեղեկանայինք, թե ինչ իրավիճակում ենք հայտնվել, ինչպիսի մղձավանջի մեջ: Մենք այդ ամենի մեջ ենք ապրում, մամուլն էլ ամեն օր գրում է այդ ամենի մասին:

Հարցն այն է, թե ԱՄՆ Պետդեպն ինչո՞ւ է որոշել հրապարակավ ապտակել յուրային Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, հօդս ցնդեցնել նրա՝ քարոզչական «ժողովրդավարության բաստիոնը»: Հնարավոր է, ի դեպ, որ փաշինյանական իշխանությունների ու դրանց ուղիղ կրնկի տակ դրված իրավապահ մարմինների ապօրինությունները, կամայականություններն ու թույլ տված այլանդակությունները, նույն համակարգային կոռուպցիան արդեն այն աստիճանի են հասել, որ նույնիսկ ԱՄՆ-ն չի կարող այդ ամենի վրա «աչք փակել»…

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ