Ադրբեջանը կրակ է բացել Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ. Տուժածներ չկան
Մարտի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում, Ճարտար քաղաքի բնակիչներ՝ Հ. Հարությունյանը, Ա. Ղահրամանյանը, Մ.Ջիվանյանը, Գ.Ղուկասյանը, Կ.Դավթյանը, Ա.Ադամյանը և Դ.Դավթյանը, Ճարտար քաղաքի վարչական տարածքում գտնվող «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում: Այդ մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ-ից։
Խաղողայգիներին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից, քաղաքացիական անձանց ուղղությամբ հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակ է բացվել, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Տեղեկությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին: