Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները չարիք են. վիրավոր Արցախը չի կարող հավասարը հավասարին բանակցել առավելապաշտությամբ տառապող երկրի հետ. Հայկ Մամիջանյան
![](https://henaran.am/wp-content/uploads/2023/03/f6419843fe2556_6419843fe2595.thumb_.jpg)
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի գնահատմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունն այս պահին ամենաշատն է խոսում ինքնորոշման իրավունքի վերաբերյալ, բնականաբար, այլ համատեքստում:
«Ինձ համար անհասկանալի է, թե ինչու Հայաստանը չի կարողանում դա մոնետիզացնել, որովհետև գործընթացների հիմքում, գրեթե բոլոր պարագաներում, այդ իրավունքն է», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Մամիջանյանի խոսքով՝ երբ Հայաստանի առջև կար տարբերակ՝ ապահովելու Արցախի առնվազն ստատուս քվո կարգավիճակի պահպանումը՝ հետագայում ինքնորոշման իրացման հույսով, Հայաստանն անհասկանալի իրեն պահեց:
Նրա խոսքով՝ ՀՀ արտաքին քաղաքական խոսույթը պետք է հիմնված լինի ինքնորոշման իրավունքի վրա:
«Ինչպես կարելի է Արցախը տանել ու դնել բռնատիրական Ադրբեջանի կազմում․ դրա պատասխանը թող տան Փաշինյանն ու իր թիմակիցները, համենայնդեպս, ցանկացած քննարկում, որը ենթադրում է Ադրբեջանի կազմում Արցախի հայտնվելը, պետք է անընդունելի լինի ՀՀ պաշտոնյաների համար», – ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը:
Մամիջանյանը, դիմելով Ռուսաստանի գործընկերներին, հայտարարեց՝ Հայաստանի բնակչության 90 տոկոսից ավելին անընդունելի է համարում Արցախի հայտնվելը Ադրբեջանի կազմում:
Խոսելով Բաքու-Ստեփանակերտ բանակցություններից՝ նա ասաց, թե այդ բանակցությունները չարիք են:
«Վիրավոր Արցախը չի կարող հավասարը հավասարին բանակցել առավելապաշտությամբ տառապող երկրի հետ», – ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը: