Փաշինյանը շատ չոր է արձագանքել Արսեն Թորոսյանի արդարացումներին, գրեթե չի լսել նրան․ «Ժողովուրդ»
Ինչպես արդեն հայտնել ենք, ՔՊ-ն երեկ վարչության նիստ է արել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ նիստից: Տեղեկացանք, որ նիստը 4 ժամից ավել է տեւել, անցել է գերլարված մթնոլորտում: Փաշինյանը շատ անտրամադիր է եղել:
Նիստի սկզբում ՔՊ-ականները Փաշինյանից հետաքրքրվել են Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներից, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի հետ կապված: Վարչապետն ասել է, որ այդ հարցում որեւէ լավ բան չկա: Նիստը թեժացել է հատկապես Արսեն Թորոսյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների թեմայի արծարծման ժամանակ:
Արսեն Թորոսյանը ամեն կերպ փորձել է արդարանալ Փաշինյանի ու թիմակիցների առաջ, տարբեր պատճառաբանություններ է բերել, թե ինչպես է ստացվել, որ իր պաշտոնավարման օրոք կորոնավիրուսի պայքարի անվան տակ այդքան չարաշահումներ են եղել: Արսեն Թորոսյանը ՔՊ վարչության նիստը լավ առիթ է համարել Փաշինյանի հետ հանդիպելու ու նրան բացատրություններ տալու համար, սակայն նրան այդպես էլ չի հաջողվել լեզու գտնել, համոզել վարչապետին իր հետ մեղմ վարվել: Փաշինյանը շատ չոր է արձագանքել Արսեն Թորոսյանի արդարացումներին, գրեթե չի լսել նրան:
Վարչապետը, մասնավորապես, ասել է, թե սպասում է նախաքննության ընթացքին, որից հետո պարզ կլինի, թե ում հետ են գործ ունեցել: Վարչության մյուս անդամները վախից չեն խառնվել խոսակցությանը, լուռ են եղել: Թորոսյանն էլ ասել է՝ եթե իրեն թիմում չեն հավատում, ապա անելիք չունի: ՔՊ-ում չեն բացառում, որ բանը հասնի նրան, որ Թորոսյանն առաջիկայում վայր դնի մանդատը»: