Վարչապետի տիկինը սիրում է իր ամուսնուն եւ ցանկանում է ամենուր ուղեկցել նրան. «Ժողովուրդ»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 2-3-ը աշխատանքային այցով մեկնել էր Գերմանիա: Այցի ընթացքում վարչապետին ուղեկցել են իր տիկինը՝ Աննա Հակոբյանը, եւ դուստրը:
Բացի Աննա Հակոբյանից, Գերմանիա պատվիրակության կազմում մեկնել է նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը:
Թե ինչու են աշխատանքային այցով արտերկիր մեկնող վարչապետի հետ պետբյուջեի հաշվին գործուղման գնում նաեւ իր ընտանիքի անդամները, մինչ օրս որեւէ հոդաբաշխ բացատրություն չի տրվել։ Վարչապետի տիկինը թերեւս մեկ անգամ տվել է «սպառիչ ու համոզիչ» պատասխան այս հարցին. նա սիրում է իր ամուսնուն եւ ցանկանում է ամենուր ուղեկցել նրան. միեւնույնն է, ինքնաթիռը դատարկ թռչում է…
Գերմանիա այցի դեպքում մեկ այլ հարց էլ է ծագում՝ ինչո՞ւ են վարչապետին ուղեկցում պատգամավորները:
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով վարչապետի մինչ այս կատարած արտերկրյա այցերը, նկատեց, որ սովորաբար Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կամ էլ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Թե ինչու են Գերմանիա կատարած վերջին այցի ընթացքում վարչապետին ուղեկցում պատգամավորները, անհասկանալի է. եթե Սարգիս Խանդանյանի դեպքում, որպես «արդարացում», կարելի է ընդունել, որ վերջինս ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է, ապա մյուս պատգամավորի՝ Լիլիթ Կիրակոսյանի դեպքում մեկնումը կարելի է համարել զուտ էքսկուրսիա՝ պետբյուջեի հաշվին: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց նաեւ, որ ՔՊ պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը առանձնապես ակտիվ էլ չի եղել այս աշխատանքային այցի ժամանակ, գրեթե որեւէ հանդիպման չի մասնակցել:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Լիլիթ Կիրակոսյանի հետ՝ հետաքրքրվելու՝ ինչու էր վարչապետի հետ մեկնել Գերմանիա, ի վերջո, ինչ քննարկումների է մասնակցել, սակայն պատգամավորը, մեր հարցերին ի պատասխան, ընդամենը ասաց, թե այցի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հրապարակված է մամուլում, ինքն ավելացնելու բան չունի»: