Հայաստանը հնարավոր լծակներով պետք է հետևողական լինի, որ կատարվի Լաչինի միջանցքի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը. Եղիշե Կիրակոսյան
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման մեջ, որով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ժամկետներ չեն նշվել, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Այս անգամ որևէ ժամկետ չի նշվել դատարանի կողմից, ըստ էության, որոշման մեջ նշվում է, որ այն ունի պարտադիր բնույթ, ընդունման պահից այն պարտադիր է կողմերի համար, այն պետության համար, որի նկատմամբ կիրառվել է նման միջոց ու դա նշանակում է, որ պետությունը պետք է անմիջապես քայլեր ձեռնարկի», – նշեց նա։
Կիրակոսյանի խոսքով՝ եթե ժամկետ չի նշվել, նշանակում է՝ որոշումը անմիջապես պետք է գործի։
Նա դրական է համարում, որ Հաագայի դատարանի որոշումից հետո շատ երկրների ԱԳՆ-ներ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարություններ արեցին՝ հղում անելով դատարանի որոշման վրա։
«Կարծում եմ՝ դրանք կարևոր գործընթացներ են, որոնք պետք է ավելի շատանան, մաքսիմալ պետք է ուժեղացնել ճնշումն այս ուղղությամբ, միակ ճանապարհը սա է, ուրիշ ճանապարհ, ցավոք սրտի, չունենք», – ընդգծեց Եղիշե Կիրակոսյանը։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը կարծում է, որ Հայաստանը թե՛ դիվանագիտական միջոցներով, թե՛ քաղաքական հնարավոր լծակներով պետք է հետևողական լինի, որ կատարվի Հաագայի դատարանի որոշումը։