22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պոպուլիզմի հասցրած տնտեսական վնասները

Կառավարությունը, Եվրասիական Զարգացման Բանկի և տարիներ առաջ Ամուլսարի հանքը շահագործելու թուլտվություն ստացած, բայց իշխանափոխությունից հետո իշխանությունների գործուն մասնակցությամբ այդ հնարավորությունից զրկված Լիդիան ընկերության հետ ստորագրեց փոխըմբռնման հուշագիր հանքի շահագործման վերաբերյալ։

Հուշագրով կառավարությունն իր վրա է վերցնում հանքի շահագործման հետ կապված ռիսկերը, այդպիսով ռիսկեր ստեղծելով պետության համար։

Եթե ինչ-որ պահից խոչընդոտներ առաջանան Ամուլսարի շահագործման հետ կապված, ապա դրանց պատասխանատվությունը կրելու է պետությունը՝ ի դեմս կառավարության։ Իսկ որ այդ ռիսկերը սեպտեմբերյան իրադարձություններից հետո առավել քան իրական են, կասկած չկա։

Այս դեպքում էլ կարող է կրկնվել Սոթքի հանքավայրի ճակատագիրը։

Ի՞նչ է անելու կառավարությունը, եթե չկարողանա ապահովել Ամուլսարի անվտանգ ու անխափան շահագործումը։

Ստորագրված փոխըմբռման հուշագրով փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե գործ ունենք նոր խոշոր ներդրումային ծրագրի հետ։

Խոսվում է 250 մլն դոլար ներդրումների մասին, թեև ստորագրված հուշագիրը վերաբերում է 150 միլիոնին։

Բայց անգամ այդ պարագայում խոսքը բոլորովին էլ նոր ներդրումների կամ ներդրումային ծրագրի մասին չէ։ Դեռևս նախկին իշխանությունների օրոք հաստատված Ամուլսարի ծրագիրը ենթադրում էր շուրջ 430 մլն դոլարի ներդրումներ։

Նախորդ մի քանի տարիների ընթացքում ընդհատումներով իրականացվել է դրանց միայն մի մասը։ Մնացած մասը լինելու է այն 150 կամ 250 մլն դոլարի շրջանակներում, որը պետք է ներդրվի հանքի շահագործումը կյանքի կոչելու համար։

Դրանք ըստ էության նախկինում նախատեսված ներդրումներն են, որոնք կառավարությունը, սովորության համաձայն, ներկայացնում է նոր փաթեթավորմամբ։ Նախկինում դրանք չեն իրականացվել ու հիմա, հավանաբար համատարած գնաճի հետևանքով, ավելին է անհրաժեշտ ծրագիրն ավարտին հասցնելու համար։

«Այս ծրագիրը շատ կարևոր տնտեսական ազդեցություն ունի Հայաստանի համար»,- փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո հայտարարեց Վահան Քերոբյանը։

Կարծես նոր իմացան, որ այդպես է։ Այնինչ՝ ժամանակին հենց իշխանությունների գործուն մասնակցությամբ ծրագրի իրականացումը կասեցվեց։

Հիշեցնենք, որ Ամուլսարի ներդրումային ծրագիրը հարկադիր պարապուրդում հայտնվեց հենց իշխանափոխությունից անմիջապես հետո։

Տուրք տալով հասարակության որոշ խմբերի ճնշումներին և հետապնդելով քաղաքական նպատակներ`կառավարությունն անուղղակիորեն օժանդակեց ծրագրի կասեցմանը։ Մարդկանց մոտ հեղափոխական էյֆորիան բարձր պահելու խնդիր կար։ Իսկ Ամուլսարը դրա համար վատ միջոց չէր։

Երկար ժամանակ մարդկանց տրամադրում էին, որ հանքը չի շահագործվելու։ Ոչինչ, որ դրանից տուժում էր երկիրը։

Գոնե կառավարությունը պատկերացնո՞ւմ է, թե իր անպատասխանատու պահվածքի պատճառով այս ընթացքում ինչպիսի՞ վնասներ է հասցրել տնտեսութանը։

Կարևոր չէ, որ ստորագրված հուշագրով ստանում է շահագործող ընկերության բաժնետոմսերի որոշ մասը։ Դա ոչ մի կերպ չի փակում այն կորուստները, որոնք այս ծրագրի արգելափակման հետևանքով ուղղակի կամ անուղղակի կրել է երկիրը։

Խոսքը միայն տնտեսական, ֆինանսական կամ սոցիալական վնասների մասին չէ, այլ նախ և առաջ՝ երկրի ներդրումային գրավչության խաթարման։ Դրա հետևանքով ինչքա՞ն ներդրումներ կորցրեց տնտեսությունը։ Շատերը հենց դրա պատճառով հրաժարվեցին գալ ու ներդրումներ անել Հայաստանում։

Լինելով արևմտյան կապիտալով Հայաստանում երբևէ իրականացվող ամենախոշոր ներդրումային ծրագիրը` Ամուլսարի նկատմամբ հետաքրքրությունները դրսում չափազանց մեծ էին։ Մեկ անգամ չէ, որ դիվանագիտական մակարդակներում մտահոգություններ են հնչել ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Երբեմն ուղղակիորեն Ամուլսարի հետ էր կապվում դրսից ակնկալվող ներդրումների հավանականությունը։

Զարմանալի չէր, որ իշխանափոխությունից հետո վերջին տարիներին Հայաստանում իրականացված օտարերկրյա ներդրումները գրեթե չավելացան, որոշ մասն էլ հեռացավ երկրից։ Դրա պատճառներից մեկն էլ Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված բացառիկ իրավիճակն էր։ Դժվար էր պատկերացնել, որ միլիոնավոր դոլարի ներդրումներից հետո ներդրողը կարող է հայտնվել այդպիսի բարդ իրավիճակում։

Ամուլսարի հետ կապված պատմությունն ամբողջությամբ խաթարեց վստահությունը Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը, ով ժամանակին խոստանում էր տնտեսությունը ողողել ներդրումներով, վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո միայն պատճառներ էր փնտրում` չեղած ներդրումները հիմնավորելու համար. Ազգային ժողովին ու դատարաններին էր մեղադրում։ Թեև պարզից էլ պարզ է, որ խնդիրը բոլորովին այլ տեղ էր։ Դա այն քաղաքականության հետևանքն էր, որն իրականացնում էր Հայաստանի իշխանությունը, այդ թվում` օտարերկրյա ներդրողների նկատմամբ։

Հիմա ո՞վ պիտի պատասխան տա այս ամենի համար։

Եթե ամեն ինչ այսպես պիտի արվեր, ինչի՞ համար էին այն թատրոնները, որոնք կազմակերպվեցին հանքի շահագործման շուրջ, և որի հետևանքով մեծ վնասներ պատճառվեց տնտեսությանն ու երկրի ներդրումային միջավայրին։

Անիմաստ շուրջ 400 հազար դոլար ծախսվեց՝ բնապահպանական փորձաքննություն իրականացնելու համար, երբ ի սկզբանե էլ պարզ էր, որ դա ոչինչ չի տալու։

Քերոբյանն ասում է, որ ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի ՀՆԱ-ն 1 տոկոս լրացուցիչ աճ կունենա, իսկ պետական բյուջեն կստանա տարեկան շուրջ 100 մլն դոլար։

Այս տարիների ընթացքում ինչքա՞ն ՀՆԱ չի ստեղծվել և ինչքա՞ն փող չի ստացել պետական բյուջեն։

Չհաշված այն շուրջ 1000 աշխատատեղերը, որոնք պիտի ստեղծվեին այս ծրագրի իրականացման արդյունքում ու եկամուտներ ապահովեին մարդկանց համար։

Ամեն ինչ, անշուշտ, այլ կերպ կլիներ, եթե կառավարությունն իր տեղում լիներ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ