ՔՊ-ն տենչում է ամայացնել ընդդիմադիր դաշտը՝ պարարտ հող նախապատրաստել նոր կապիտուլիայիայի համար․ Իշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այն, ինչ ասել եմ երեկվա հարցազրույցում, մեկ անգամ ևս վերհաստատում եմ. բոլոր նրանք ովքեր ինձ, իմ կուսակցությանը, իրական ընդդիմադիր ուժերին, գործիչներին և տասնյակ հազարավոր մարդկանց ասում են պայքարի իմիտացիա եք արել, իրենք արժանի են նրան, ինչ որ ասել եմ:
Իմիջիայլոց, վաղուց պետք է ասած լինեի։ Լավ լյուստրացիա եղավ։ Այո, քաղաքական գործիչը պետք է խոսի զուսպ և կոռեկտ, բայց այս պայմաններում երբեմն անհնարին է:
Ընդդիմությանը ոչ միայն կարելի, այլև անհրաժեշտ է քննադատել և պահանջել: Մշտապես փորձել ենք տարբեր գործիչների սրտացավ քննադատությանն ականջալուր լինել՝ ցանկանալով գտնել օգտակարը՝ մեր քայլերը կազմակերպելու համար:
Շնորհակալ ենք մեզ անկեղծ և առողջ քննադատողներից։ Դուք մեր զինակից ընկերներն եք:
Ընդդիմադիր ուժերի ունեցած ամենամեծ և ամենակարևոր ռեսուրսը բոլոր այն մարդիկ են, ովքեր, չնայած ստեղծված իրավիճակին, չնայած բոլոր բռնաճնշումներին, իրենց մեջ ուժ և կամք են գտել մասնակցելու պայքարին։ Մենք չափազանց մեծ պատասխանատվության զգացում ունենք առաջին հերթին իրենց առջև: Հայրենիք ունենալու համար պայքարի ելած հայ մարդը մեզ համար
արժեք է:
Հայաստանի ազգային-ընդդիմադիր դաշտում կան իրական ընդդիմադիր ուժեր, գործիչներ, ովքեր անկեղծորեն և անմնացորդ իրենց հնարավորությունների սահմաններում պայքարում են այս չարիքի իշխանության դեմ՝ մի կողմ դնելով իրենց կուսակցական, անձնական հարցերը: Բայց այս դաշտում կան նաև ուժեր, անհատներ, ովքեր մշտապես թունավորում, պառակտում և ամենաէականը՝ անվստահություն են սերմանում պայքարող ուժերի նկատմամբ::
Այդ ուժերն ու անհատները կիրառվում են պայքարի բոլոր գործիքները, փորձում բոլորիս զրկել մեր ուժի հիմնական աղբյուրից՝ հանրային վստահությունից:
Իսկ Հայաստանի թշնամիների՝ այդ թվում օրվա իշխանության երազանքն է ամեն ինչ անել, որպեսզի մեր երկրում զրո վստահություն ունենան ազգային ուժերը և գործիչները։ Նրանք տենչում են ամայացնել ընդդիմադիր դաշտը՝ պարարտ հող նախապատրաստել նոր կապիտուլիայիայի համար:
Հենց դրա համար է մեր հանրային դաշտը ողողվել տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հաստիքային աշխատավարձ ստացող դեմքերով, որոնք երբեմն հանդես են գալիս որպես ընդդիմադիրներ:
Այս մարդկանց միակ գործը Հայաստանի ընդդիմադիր դաշտում գործող ուժերի և անհատների վարկաբեկումն ու նրանց նկատմամբ ստեղծված հանրային վստահության մսխումն է:
Նայեք ձեր շուրջբոլորը, թերթեք ձեր սոցցանցերի էջերը և դուք կհանդիպեք բազմաթիվ այդպիսիներին:
Այս մարդկանց գործը չի կարելի շփոթել քննադատության հետ։ Նրանց նպատակը և մղումներն այլն են: Հետևաբար, մեր պարտականությունն է նաև հանրությանը զգուշացնել այս վտանգների մասին:
Ցավում եմ, որ այս իրավիճակում անդրադառնում եմ նման հարցերի։ Գիտեք, որ երբեք ուշադրության չեմ արժանացրել այդ տեսակին, բայց երբեմն իրերը պետք է կոչել իրենց անուններով և կանխել մանիպուլյացիաները:
Այլևս անհանդուրժող պետք է լինենք դիտավորյալ հայ մարդու պայքարն արժեզրկող, հանրության շրջանում հիասթափության ալիք ձևավորողների նկատմամբ: