22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ երկխոսության և հակամարտության կարգավորման. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստի ժամանակ նախագահ հանդես է եկել ուղերձով, որտեղ անդրադարձել է Ադրբեջանի և Արցախի միջև երկարատև հակամարտության և առնչվող խնդիրների կարգավորմանը։

«Ինչպե՞ս ենք տեսնում Ադրբեջանի և Արցախի միջև երկարատև հակամարտության և առնչվող խնդիրների կարգավորումը:

Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ երկխոսության և հակամարտության կարգավորման, սակայն մենք ունենք հստակ սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնք բխում են Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքներից, կենսական շահերից ու պահանջմունքներից: Այդ համատեքստում, երկխոսության և հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հիմնական հանգամանքները՝

ա. առաջին հերթին, անհրաժեշտ է ապահովել կայուն ու փոխվստահելի միջավայր՝ բացառելով սադրանքները, ուժի կիրառման դեպքերը և հոգեբանական բռնության դրսևորումները, որպեսզի հնարավոր լինի քննարկել երկուստեք մտահոգող՝ գոյություն ունեցող հարցերը: Եթե առավել նեղ ու առօրեական հարցերը հնարավոր է քննարկել ու լուծումներ գտնել պարզ շփումների միջոցով, ապա առավել գլոբալ ու հակամարտության լուծմանն ուղղված հարցերի քննարկման համար կարևոր եմ համարում միջազգային հանրության մասնակցությունը՝ երկխոսության արդյունավետությունը և կողմերի շահերի պաշտպանվածությունն ապահովելու, այդ ընթացքում ճնշումների ու հարկադրանքի հավանականությունը նվազեցնելու համար,

բ. շրջափակումը պետք է վերացվի, և Արցախը պետք է ունենա անխափան ու անսահմանափակ ցամաքային հաղորդակցություն Հայաստանի Հանրապետության հետ՝ առանց ադրբեջանական կողմի որևէ ներգրավվածության. նրանց մասնակցության միակ ձևը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների պարտաճանաչ կատարումն է, որի ընթացքում Ադրբեջանը պետք է երաշխավորի երթևեկության անվտանգությունը, զերծ մնա խոչընդոտներ հարուցելուց,

գ. պետք է երաշխավորել նաև ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող՝ Հայաստանից Արցախ եկող կենսական ենթակառուցվածքների անվտանգությունը և բնականոն աշխատանքը՝ լրիվությամբ վերականգնելով գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը և բացառելով դրանց խափանման նոր դեպքերը: Կարևոր է շեշտադրել, որ այդ ենթակառուցվածքների խափանման պատճառով, ինչպես նշեցի, Սարսանգի ջրամբարի ջրային պաշարները կտրուկ նվազել են, ինչը գարնանն ու ամռանը լրջագույն ճգնաժամ է ստեղծելու հենց ադրբեջանցի հողագործների համար, քանի որ բավարար ջրային պաշար չի լինելու տասնյակ հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համար,

դ. մեր պաշտոնական երկխոսությունը կարող է կայանալ միջազգային համապատասխան ձևաչափի շրջանակներում, որը կարող է լինել փոխընդունելի սկզբունքների, միջազգային իրավունքի նորմերի հիման վրա, ներառյալ՝ իրավահավասարությունը: Իհարկե, ինչպես հետպատերազմյան շրջանում, հիմա էլ չենք բացառում ըստ կարիքի որոշակի դրվագային հաղորդակցությունը ադրբեջանական կողմի հետ հումանիտար և տեխնիկական հարցերի շուրջ, սակայն դա չի կարող փոխարինել հակամարտության քաղաքական հարցերի շուրջ երկխոսությանը,

ե. բանակցային պատվիրակությունների կազմերը պետք է որոշվեն բացառապես կողմերի կողմից, ինչը նշանակում է նաև, որ Ադրբեջանը չի կարող միջամտել արցախյան պատվիրակության կազմի ձևավորման հարցում, և նույն տրամաբանությունը վերաբերում է նաև ադրբեջանական պատվիրակության ձևավորմանը,

զ. պետք է ապահովել Արցախի պատշաճ ներգրավվածությունը միջազգային հանրության մեջ, այդ թվում՝ ՄԱԿ-ի կառույցների ներկայությունն Արցախում, ինչը կապահովի թե՛ անվտանգության, և թե՛ զարգացման կարևոր երաշխիքներ Արցախի ժողովրդի համար: Հատկանշական է, որ Արցախը աշխարհում միակ չճանաչված պետությունն է, որը չունի ոչ մի միջազգային ներգրավվածություն, չի ստանում նույնիսկ միջազգային հումանիտար աջակցություն, բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խիստ սահմանափակ առաքելությունից,

է. և՛ բուն երկխոսության, և՛ հակամարտության համապարփակ կարգավորման համար խիստ անհրաժեշտություն է, որ բացառվի ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, որը պետք է երաշխավորված լինի անվտանգության միջազգային երաշխիքներով, այդ թվում՝ ռուս խաղաղապահների առաքելության արդյունավետության բարձրացմամբ,

ը. Արցախի ժողովրդի ինքնորոշման և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը սակարկման ենթակա չէ: Դա մեր ժողովրդի բնական ու հիմնարար իրավունքն է՝ ամրագրված նաև միջազգային հանրահայտ փաստաթղթերով,

թ. Արցախը երբեք չի հրաժարվելու իր ինքնիշխանությունից, և չի կարող որևէ խոսք լինել հարևան Ադրբեջանի հետ ինտեգրացիայի մասին: Սա կամակոր որոշում կամ դիրքորոշում չէ, այն հիմնված է բացառապես արցախահայության՝ սեփական հայրենիքում մեր ժողովրդի ինքնորոշման, անվտանգ ու ազատ ապրելու իրավունքից, բացարձակ հայատյացության վրա հիմնված ադրբեջանական համակարգային քաղաքականությամբ պայմանավորված գոյաբանական լրջագույն վտանգների կանխման անհրաժեշտությունից,

ժ. Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի միջազգային ճանաչումն ու պաշտպանության տրամաբանությունից դուրս որևէ այլ գործընթաց կամ լուծում մեր կողմից անընդունելի է, քանի որ անկասկած տանելու է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ բնաջնջմանը» , – հայտարարել է Հարությունյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ