Թերություններ՝ ՔՊ-ական պատգամավորի նախագծում․ «Ժողովուրդ»
Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանի կողմից ներկայացված՝ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» նախագծերի փաթեթը քննադատության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծության վարչության կողմից:
Նախ՝ նշենք, որ այս նախագծերի փաթեթով պատգամավորն առաջարկում էր սահմանել «էկոլոգիական տեղեկատվություն» հասկացությունը, էկոլոգիական տեղեկատվության չափորոշիչների հասկացություններն ու ցանկը: Ընդհանուր առմամբ, փորձաքննության արդյունքում վրիպակներ են արձանագրվել, որոնք խոսում են պատգամավորի ներկայացրած աշխատանքի փնթի լինելու մասին: Օրինակ՝ եղել են էջեր, որոնք համարակալված են, եղել են էջեր, որոնք համարակալված չեն եղել, եւ առաջարկվում է նախագծում մեկ մասից բաղկացած հոդվածների համարակալման նկատմամբ դրսեւորել միասնական մոտեցում: Միեւնույն ժամանակ, նախագծի 1-ին գլխի համարը տեքստից առանձնացված չէ որեւէ կետադրական նշանով, նախագծի մյուս գլուխների համարները գլուխների տեքստից բաժանված են միջակետերով:
Այստեղ եւս առաջարկվել է ապահովել Նախագծի գլուխների համարակալման միասնական մոտեցում: Փորձաքննության մեջ նշվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իրենց վարքագծի իրավական հետեւանքները:
Ելնելով այս դիտարկումներից՝ նաեւ անհրաժեշտ են համարում կատարել խմբագրական փոփոխություններ: Այլ խնդիրներ եւս արձանագրվել են, ընդհանուր առմամբ՝ 19 էջ: Եկել են այն եզրահանգման, որ նախագծերի փաթեթով նախատեսված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից:
Հիշեցնենք նաեւ, որ Մերի Գալստյանը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Էրատո» ջոկատի անդամ էր»: