Կառավարությունում տարրական գրագիտության խնդիր կա․ «Հրապարակ»
Կառավարությունում տարրական գրագիտության խնդիր կա։ Կառավարությունն ԱԺ է ներկայացրել «Ընտանեկան բռնության մասին» օրենքում լրացումների նախագիծ, որի վերաբերյալ ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչությունը եզրակացություն է տվել, որն ուղղակի ապտակ է կառավարությանը։ Լիքը թերություններ են նկատել եւ առաջարկել շտկել։ Գրել են․ ««2-ին» ձեւակերպումը փոխարինել «2-րդ» ձեւակերպմամբ՝ դասական թվականների ճիշտ գրելաձեւն ապահովելու նպատակով»։
Կառավարության երեկվա նիստի օրակարգում ևս ընդգրկված 2 նախագծերը նախկին սխալների, վրիպակների շտկման մասին էին։ Անցած սեպտեմբերին կառավարությունը հավանություն էր տվել այդ նախագծերին, իսկ երբ հասել է կատարելու ժամանակը, պարզվել է, որ դրանցում էական վրիպակներ կան։ Այսպիսով՝ կառավարության 2022 թ․ սեպտեմբերի 1-ի որոշման մեջ «Դաստակերտ» բառի փոխարեն «Դարակերտ» բառն է տեղ գտել։ Այսինքն՝ եթե ուղղում չարվեր, կառավարության հաստատած ծրագիրը ստիպված կլինեին իրականացնել ոչ այն համայնքում, որի համար ընդունել էին։
Մյուս բացթողումը Հակոբ Սիմիդյանի ղեկավարած շրջակա միջավայրի նախարարությանը վերաբերող որոշման մեջ էր։ 2023 թ․ պետբյուջեով հաստատված Անտառային կոմիտեի կողմից իրականացվող 1173 «Անտառների կառավարում» ծրագրի «Անտառվերականգնման եւ անտառապատման աշխատանքներ» միջոցառման գնման անվանացանկը «տեխնիկական պատճառներով» չի ներառվել 2022 թ․ դեկտեմբերի 29-ի «ՀՀ 2023 թ․ պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշման N10 հավելվածում»: