19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Երբ ռուսների հետ վերադարձանք գյուղ, տեսանք, որ հայերի դիերը շների կեր են դարձել

Մանուկ Սարգսյանի վկայությունը

27 оգոսաոսի 1916 թ., Հաջիլար

Ալաշկերտի բերդից Մանուկ Սարգսյանը պատմել է, որ պատերազմից առաջ այնտեղ 120 տուն հայ և 1000 տուն թուրք բնակիչ կար: Հայերը հիմնականում նյութապես ապահովված էին, դպրոցն ու եկեղեցին նույնպես: Մասնակցել են 1914-ի զորահավաքին, պատերազմական տուրք վճարել: Կոտորածներից օրեր առաջ, երբ տարածվեց ռուսների Ալաշկերտ հասնելու լուրը, համագյուղացի քրդերն իմացել են, որ թուրքերը գյուղի քահանային սպանել են ու տեղեկացրել հայերին վտանգի մասին, գրում է armeniangenocide100.org-ը:

Ալաշկերտի բերդէն Մանուկ Սարգիսեանի (50 տ.) տուած տեղեկութիւնները իրենց գիւղին մասին. 

Գիւղին նախկին վիճակր.- Ալաշկերտի բերդը պատերազմէն առաջ ունէր 120 տուն հայ և 1000 տուն թիւրք բնակիչ: Հայերը ունէին 4000 ոչխար, 1500 սևատաւար, մէկ ջրաղաց, մէկ ձիթահան, տարեկան կը մշակէին 20-30 բանջարանոց և բոստան: Գիւղին հայերը տարեկան կ՚արդիւնաբերէին 3000 խալվար ցորեն, գարի, 5000 սայլ խոտ, նոյնքան յարդ: 

Գիւղի եկեղեցին ունէր մօտ 300 օսմ. ոսկիի հարստութիւն`  կողոպտուած քիւրտերէն: Գիւղին դպրոցը ութ աչքանի` էր 100 աշակերտներով և տարեկան 50 ոսկի եկամուտով: 

Գիւղին մէջ այժմ ամէն տունէն մարդ մ՚երկու կապրին, տուներուն մեծ մասը ապահով է, դպրոցն ու եկեղեցին` նմանապէս: 

Գիւղացիներէն` Բարսեղ Դաւիթեան ունէր Կարմիր Աւետարանը, որ քիւրտերէն տարուած և ցորենի խորի մէջ պահուած էր, հայերը կը գտնեն և իր տիրոջը կը յանձնեն (Մուշեղ Դաւիթեանին), որ կապրի Երևանի մէջ: 

Զօրահաւաքը.- Երբ Թիւրքիան զօրաժողով յայտարարեց (1914 յուլիս), գիւղի հայերէն զինուոր տարին 70 հոգի, որոնցմէ և ոչ մէկը վերադարձաւ: Իբրև պատերազմական տուրք կառավարութիւնը գիւղի հայերէն վերցուց 150 ոչխար, 50 սևատաւար, 100 փութ իւղ, 100 կտոր վերմակ, թաղիք, 400 զոյգ գուլպայ, չարուխ, թաթպան, 500 կտոր չուան, 800 սայլ խոտ, 900 սայլ յարդ, 400 սայլ ցան, 200 խալվար ցորեն, գարի: 

Կոտորածը և տեղահանութիւնը. 1914-ի վերջերը, երբ ռուս-տաճկական պատերազմը կը յայտարարուի, ռուսները կը յառաջանան դեպի Ղարաքիլիսէ: Ալաշկերտի բերդի թիւրքերը կը պատրաստուին փախչելու, որմէ երեք օր առաջ գիշերանց թիւրք ոստիկանները կու գան հայերու քահանային` Տէր Յովսէփ Տէր Յարութիւնեանին կը կանչեն, կը տանին «Գայմագամը քեզ կը կանչէ» ըսելով: Առաւօտը Մանուկ Սարգիսեանը և Մարգար Մովսէսեանը ոչխարը կը տանին դաշտը արածեցնելու: Երբ կանցնին գիւղի գերեզմանոցին քովէն, քանի մը քիւրտեր (համագիւղացի) կը մօտենան յիշեալներուն և կըսեն. «Ձեր տէրտէրը գիշերը սպաններ են, շատ հեռուներ մի՛ երթաք, վախ կայ»: Մինչ այս, գիւղին կողմէն յանկարծ քահանային ընտանիքը և հարևանները լալով կը վազեն, կը մտնեն գերեզմանոցին ձորը և չուալի (մեշոկ251) մը մէջ կը գտնեն քահանային դիակը վիզը կտրուած, գլխուղեղը ջարդուած, ամբողջ մարմինը սուինահար և մորթոտուած: 

Քահանային ընտանիքը վայնասուն կը բարձրացնէ դիակին վրայ, կու լայ, կ՚ողբայ, ոստիկանները կու գան և որպէս ոճիրէն անգիտակ` եղածը կ՚արձանագրեն: Գիւղացիք դիակը մեշոկով կը վերցնեն և կը բերեն կը դնեն եկեղեցին: 

Պատմութիւնս պատմողը կըսէ, թէ կառավարութիւնը հետեւեալ պատճառաբանութեամբ սպաննեց քահանային, որը երբ քննութեան կը տանին քննիչ կառավարական մարդիկ, այսպէս ըսած են եղեր. «Դուն երախտամոռ ես, ռուսերուն գրած ես, որ շուտով մօտենան, միշտ քու նամակները բռնուած են, ասոր համար ալ արժանի պատիժդ պիտի գտնես», և գիշերանց քահանային բերանը շորերով կը կապեն, ոտքեր չուան կանցնեն և գիւղին փողոցներէն քաշքշելով գերեզմանոցին ձորը կը տանին, ուր և կը սպաննեն: Դաշոյններով և սուրերով ամբողջ մարմինը բզկտելով, սուրերով կռնակին և կուրծքին վրայ խաչաձև, վէրքեր կը բանան, մօրուքը կը կտրտեն, աչքերը կը հանեն և ամօթը (միզափամփուչտ) կտրելով բերանը կը դնեն: Երբ քահանային ձեռքերը կը կտրեն, քիւրտ մը հետևեալը ըսեր է. «Այս ձեռքերո՞վ նամակ գրեցիր ռուսերուն, դէ՛հ, հիմա՛ ալ գրէ»:

Աղբյուր` armeniangenocide100.org

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ