«Եթե նման հայտարարություններով փորձ է արվում արդարացնել ԵՄ-ին տարածաշրջան ներքաշելը, ապա դժվար է այդ փորձը հաջողված համարել»․ Զախարովան արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
Բրյուսելի նպատակն է փոխել հարավկովկասյան տարածաշրջանում ձևավորված անվտանգային համակարգը։ Մոսկվան հուսով է, որ Երևանում դա հասկանում են և հաշվի են առնում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «ԵՄ դիտորդական առաքելության նպատակներից մեկն է հերքել Ադրբեջանի այն պնդումները, որ Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ ագրեսիա են ծրագրում Բաքվի դեմ»։
«Եթե նման հայտարարություններով փորձ է արվում արդարացնել ԵՄ-ին տարածաշրջան ներքաշելը, ապա դժվար է այդ փորձը հաջողված համարել»,- Փաշինյանի հայտարարության առնչությամբ ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ռուս խաղաղապահներն ապահովում են խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում, ռուս սահմանապահները հսկողություն են իրականացնում Հայաստանի տարածքում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանային գոտում, ընդ որում՝ Մոսկվան Բաքվից այս առնչությամբ որևէ մտավախություն չի լսել, նկրտումներ այս հարցի շուրջ ևս չեն հնչել։
Զախարովան հավելել է, որ Ռուսաստանում տեղյակ են նաև Հայաստանի տարածքում ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատական մոտեցման մասին։
«Բրյուսելն իր առջև նպատակ է դրել փոխել տարածաշրջանում ձևավորված անվտանգության համակարգը, որի անկյունաքարն են ռուս զինվորականների և սահմանապահների ներկայությունը, ինչպես նաև Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, բացի դրանից՝ այն քաղաքական կամքը, որը դրսևորվել է երեք երկրների (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան-խմբ․) կողմից՝ ձեռք բերած պայմանավորվածությունները գործնականում իրագործելու հարցում»,- ասել է Զախարովան։