22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանի հիմնական, նույնիսկ կարելի է ասել՝ միակ գործիքը հանցագործությունը, սուտն ու կեղծիքն են. «Փաստ»

Այսօր թերագնահատել տեղեկատվական հակամարտությունների և, ընդհանրապես, տեղեկատվական անվտանգության հարցը, նշանակում է պարտվել բոլոր հարթակներում, այդ թվում՝ միջազգային հարաբերություններում ու իրական պատերազմներում: Այս հարցը առաջնային նշանակություն ունի նաև այն համատեքստում, թե ինչ է պետությունը ներկայացնում միջազգային հանրության դատին։ Օրինակ՝ կան պետություններ, որոնք արհեստականորեն են ստեղծվել՝ ձևավորելով որոշակի ժողովրդագրական հիմքի կամ համաշխարհային ուժային կենտրոնների որոշակի պայմանավորվածությունների արդյունքում։

Եվ նման երկրներից շատերը ժամանակի ընթացքում փորձում են «դարավոր պատմություն» հորինել, ընդ որում՝ հաճախ այլ՝ իրական պատմություն ունեցող ժողովուրդների ու պետությունների հաշվին։ Եվ սա անում են ոչ միայն ներքին սպառման համար՝ կրթական ծրագրերի, տեղեկատվական ագրեսիվ հոսքերի միջոցով, ինչի արդյունքում ամեն հաջորդ սերունդ ավելի է հավատում այդ հորինվածքներին, այլև միջազգային հանրության հետ ինտենսիվ «աշխատանքի» միջոցով: Սա առանձնապես բնորոշ է Ադրբեջանին, որը, լինելով կովկասյան թաթարներից կազմված արհեստական պետական կազմավորում, տարիներ շարունակ զբաղված է պատմություն հորինելու գործով։ Դե, չկա պատմություն, ինչպես ասում են, Կոկա-կոլան էլ է Ադրբեջանից հին, ուրեմն, այն պետք է հնարել, գողանալ ուրիշներինը և սեփականացնել։
Հենց դա էլ արել ու շարունակում է անել պաշտոնական Բաքուն՝ գործի դնելով կեղծարարության բոլոր գործիքները։ Ադրբեջանում պետական մակարդակով յուրացվում է աղվանական, հայկական ու պարսկական ժառանգությունը։ Ադրբեջանական քարոզչությունը նույնիսկ հասնում է այնպիսի ծայրահեղությունների, թե իբր պարսկական պետությունը որոշակի ժամանակաշրջանում հենց ադրբեջանական է եղել, այն պարագայում, երբ այդ ժամանակ նույնիսկ ադրբեջանցի հասկացություն գոյություն չուներ։ Իսկ Իրանում Ադրբեջանի մասին հիշում են նրանով, որ ժամանակին այն պարսկական պետության մաս է կազմել։

Այդ իսկ պատճառով էլ, երբ Թեհրանի ու Բաքվի հարաբերությունները սրվում են, Իրանում սկսում են խոսել Գյուլիստանի պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին։ Ինչպես արդեն նշեցինք, պաշտոնական Բաքուն ադրբեջանական «հազարամյակների պատմության» մասին ստերով ոչ միայն սեփական հասարակությանն է կերակրում, այլև փորձում է դրանք տարածել նաև արտերկրում։ Ու դրա համար ահռելի նավթադոլարներ են հատկացվում, կաշառվում են տարբեր անբարեխիղճ մասնագետներ, օգտագործվում են ամենատարբեր հարթակները, քարոզչական նյութեր են տարածվում, նոր գրքեր են գրվում։ Ադրբեջանցիները հույս ունեն, որ եթե շատ կրկնվի սուտը, ի վերջո, այն ճշմարտանման կդառնա: Ընդհանրապես, Ադրբեջանի հիմնական, նույնիսկ կարելի է ասել՝ միակ գործիքը սուտն ու կեղծիքն են:

Դա վերաբերում է թե՛ չեղած պատմություն «ստեղծելուն», թե՛ գոյության մոտ 100 տարվան, թե՛ ներկա օրերի իրադարձություններին և թե՛, ընդհանրապես, բոլոր հարցերին: Կեղծելու պատճառները բազմաթիվ են, իսկ դրանցից մեկը սեփական հանցագործությունները (այդ թվում՝ ռազմական) կոծկելը կամ դրանք արդարացնելն է: Պատմական իրադարձություններն են ապացուցում, որ Ադրբեջանն իր ողջ մեկդարյա պատմության ընթացքում մշտապես թաթախված է եղել հայերի արյան մեջ, մշտապես ամենաբարձր մակարդակով իրականացվել են ոչ միայն հանցագործություններ, ոճիր, այլև մշտապես հրահրվել է թշնամանք հայ ժողովրդի ու Հայաստանի հանդեպ: Ասում են՝ կա սուտ, մեծ սուտ, ավելի մեծ սուտ ու ադրբեջանական սուտ:

Ադրբեջանցիների կեղծիքն այնքան անսահման է, որ առաջ է բերել նույնիսկ «Արևմտյան Ադրբեջան» լկտի կեղծարարությունը։ Եվ ընդհանրապես, այս երկրին իր ամենավերին էշելոններով ամենաբնորոշ որակումը հենց «հանցագործն» է: Ու դա ամենևին զարմանալի չէ: Ադրբեջանի հազիվ հարյուրամյա պատմության մեջ 44 տարի արդեն ալիևյան կլանն է ղեկավարում՝ բռնապետության ամենադասական «կանոններով»։ Այս երկրում առկա են մարդու հիմնարար իրավունքների աղաղակող խախտումներ, բռնաճնշումներ նույնիսկ սեփական ժողովրդի նկատմամբ, երբ ամեն քայլափոխի ճնշվում է ազատ խոսքը, ընդդիմությունը քաղաքական հաշվեհարդարի է ենթարկվում։ Պատահական չէ, որ Ադրբեջանը դիտարկվում է որպես բռնապետություն նաև միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից:

Այդուամենայնիվ, որքան էլ ցավալի է, երբեմն Ադրբեջանին հաջողվում է ակնհայտ սուտը, կեղծիքը և հանցագործությունները «պարզաջրել» ու էներգակիրների, նավթադոլարների հաշվին «լապշա կախել» միջազգային հանրության ականջներից: Ինչ վերաբերում է մեզ, ապա Հայաստանի միակ խնդիրը պարզապես իրականությունը հանգամանալից ներկայացնելն է։ Մենք, ի տարբերություն մինիսուլթանական Ադրբեջանի, կարիք չունենք ստելու և կեղծելու: Եթե Ադրբեջանը իր չունեցածը, չեղածն է ներկայացնում որպես իրականություն, ապա մենք դեռևս չենք կարողանում իրական պատմությունը, անցյալի ու ներկայի իրական փաստերը լիարժեք մատուցել միջազգային արենայում։ Սա մեր գլխավոր խնդիրներից մեկն է, այստեղ ևս անելիքներ շատ ունենք…

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ