Պաշտոնական անփութություն ու սգի թեման փակելու մղում․ «Ժողովուրդ»
2018 թվականի տարեսկզբին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռեւս ընդդիմադիր պատգամավոր էր եւ պատեհ-անպատեհ բոլոր առիթներով քննադատում էր բանակի վարքն ու բարքը, կենցաղավարությունը, առավել մեծ խանդավառությամբ խոսում բանակի զոհերի մասին, Զինված ուժերում դժբախ պատահարի՝ շմոլ գազից թունավորման հետեւանքով մահացած զինծառայողի միջադեպը սարսափ էր համարում:
Վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանը, սակայն, ոչ միայն սարսափ որակումը չի տալիս Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական, 15 ժամեկտայինի կյանք խլած միջադեպին, այլեւ արագ-արագ, ոտքի վրա ցանկանում է առանց նախաքննության ավարտի ու միջադեպի բոլոր հանգամանքների պարզաբանման առաջինը հայտնել, թե ինչ է կատարվել զորամաս համարվող հյուղակում, որտեղից փրկվել են 3 հոգի, սակայն ի վիճակի չեն խոսել: 2023-ի տոնական միջոցառումների վրա միլիոնավոր դոլարներ են ծախսվել, բայց սահմանը պաշտպանող ու երկրի անվտանգությունը հսկող 18-ամյա զինվորը տանն անգամ չնմանվող ինչ-որ կացարանում է բնակվում: Թերեւս սա՛ է Նիկոլ Փաշինյանի պահած բանակի երեսը:
2 տարի առաջ, երբ ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ահազանգում էր առաջնագծի կահավորանքի մասին, Փաշինյանը գլուխ էր գովում, թե արվում է ամն բան, սակայն գաղտնի: Իրականում կառավարության անդամները, իշխանական պատգամավորներն ու ՔՊ-ական ամենատարբեր չինովնիկները շտապում են հավելավճարներ ստանալ, «վոյաժների» մեկնել ու գերթանկարժեք հարսանիքներ, կնունքներ, ծնունդներ կազմակերպել, բայց նույն այդ պահին իշխանությունը, մեկ-երկու երկրորդական պաշտոն զբաղեցնող զինվորականի աշխատանքից ազատելով, շտապում է փակել 15 ընտանիքի սգատեր դարձնելու անչափ ցավոտ թեման:
Եթե իշխանությունն ինչ-որ կերպ այս ամենը կարողանար «նախկինների» հետ կապել, ապա, վստահեցնում ենք, առանց վարանելու մեղքն իր վրայից նրանց վրա կգցեր ու հանգիստ շունչ քաշելով՝ նորից կսկսեր բանակին ելակ հրամցնելու մասին անդուլ եւ անդուր տեքստերը հրապարակ բերել»։