01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Այս ծանրագույն ճգնաժամն էլ կանցնենք պատվով»․ Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մաղթանք է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

«Սիրելի՛ հայրենակիցներ, 2023թ.-ը դիմավորում ենք արտակարգ պայմաններում: Անցնող տարվա ամբողջ ընթացքում Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության հանդեպ իրականացված բազմաթիվ ագրեսիաներից ու սադրանքներից բացի, Ադրբեջանը դեկտեմբերի 12-ին նաև փակեց Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ մեզ կանգնեցնելով նոր մարտահրավերների առջև:

Տարաբնույթ դժվարություններն ու փորձությունները հաղթահարելու ճանապարհին մեր ժողովուրդը դարձավ ավելի ուժեղ ու ամրակուռ՝ մեկ անգամ ևս վերահաստատելով սեփական հողի վրա ազատ ու անկախ ապրելու, արարելու կամքն ու վճռականությունը: Մեր ժողովուրդը նման զրկանքների պակաս չի ունեցել դարերի և հատկապես վերջին տասնամյակների ընթացքում, սակայն կարողացել է վճռական ու միասնական պայքարի միջոցով հաղթահարել մարտահրավերները: Ուստի, վստահ եմ, որ այս ծանրագույն ճգնաժամն էլ ենք անցնելու պատվով:

Թանկագի՛ն բարեկամներ, այս տոնական օրը ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ միմյանց սատարելու և առկա մարտահրավերներին արժանապատվորեն դիմագրավելու համար: Ամանորի այս գիշերը մեր շատ ընտանիքներ կիսված են: Ուզում եմ ներողություն խնդրել հատկապես այն երեխաներից, ովքեր հեռու են գտնվում ծնողներից՝ Արցախի կյանքի ճանապարհը բացելու նպատակով մեր կողմից գործադրված ջանքերի դեռևս անարդյունավետության համար:

Ուզում եմ հիշենք և մեր խոնարհումը բերենք Հայրենիքի նվիրյալների հիշատակին. այն կարող ենք վառ պահել միայն հայկական Արցախով, Արցախում ապրելով և պայքարելով: Համոզված եղեք, որ, հայրենիքի այս գողտրիկ անկյունում ապրելով ու ծառացող դժվարությունները հերոսաբար հաղթահարելով, մեզանից յուրաքանչյուրը յուրովի կարևոր առաքելություն է կատարում՝ հանուն հայ ժողովրդի լինելության և նրա ապագայի:

Ուզում եմ նաև խորին երախտագիտություն հայտնել մեր քույրերին ու եղբայրներին Մայր Հայաստանում և Սփյուռքում, բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են, մեր կողքին, իրենց աջակցությունն ու զորակցությունն են ցուցաբերում Արցախին այս դժվարին օրերին: Խաղաղություն, բարօրություն, վճռականություն, հույս ու հավատ բոլորիս: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ