22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռուսաստանից եկել են, իսկ Հայաստանից կրկին շարունակել են հեռանալ․ 168․am

168․am-ը գրում է․ Ի հաշիվ ռուսների ու Ռուսաստանից հարկադրաբար եկած հայերի, 2022թ. Հայաստան մուտքի ու ելքի ցուցանիշները դրական են։ Բայց դա Հայաստանի քաղաքացիներին չի վերաբերում. Հայաստանից արտագաղթն էլի շարունակվել է։ Ավելի շատ ՀՀ քաղաքացի է գնացել, քան վերադարձել է։

Պաշտոնական տվյալներով, 2022թ. առաջին 10 ամիսներին Հայաստանից գնացել է 1 մլն 203 հազար 19 քաղաքացի, վերադարձել է 1 մլն 165 հազար 584-ը։

Ավելի քան 37,4 հազար Հայաստանի քաղաքացի լքել է երկիրը՝ գնացել ու չի վերադարձել։
Այս թիվը մինչև տարեվերջ գուցե որոշ չափով նվազել է, բայց հաստատ դրական հաշվեկշիռ էլի չենք ունենա։ Արտագաղթի միտումը տարվա կտրվածքով կշարունակի պահպանվել։ Այնպես, ինչպես պահպանվել է 2022թ. Առաջին 10 ամիսներին։ Չնայած այդ ընթացքում Ռուսաստանում գտնվող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ նախորդ տարի հարկադրված վերադարձել են Հայաստան։

Թվում է, թե այդ պայմաններում գոնե պիտի ունենայինք գնացողների ու եկողների դրական հաշվեկշիռ։ Բայց հաշվեկշիռը Հայաստանի քաղաքացիների դեպքում, ինչպես 2021թ., էլի բացասական է։

Մարդիկ իրենց ապագան Հայաստանում չեն պատկերացնում ու շարունակում են արտագաղթել։ Զարմանալի չէ, որ ԱՄՆ մեկնելու օրինական թույլտվություն ստանալու համար նախորդ տարի աննախադեպ քանակությամբ ՀՀ քաղաքացիներ են դիմել։ Խոսքը հարյուր հազարների մասին է։

Դրա համար բազում պատճառներ կան։ Խնդիրը հաճախ նույնիսկ սոցիալական ու տնտեսական չէ։

Շատեր ապրելու վատ պայմաններից չէ, որ գնում են։ Գնում են, որովհետև այստեղ այլևս իրենց անվտանգ չեն զգում։ Չկա կայունություն ու ապագայի նկատմամբ հավատ։

Իշխանությունները հայտարարում էին, որ խաղաղության դարաշրջան են բացում, իսկ խաղաղությունն ամեն օրվա հետ հեռանում է։ Թշնամին վաղուց մեր տարածքներում է ու շարունակում է խորանալ։ Սահմանամերձ բազմաթիվ բնակավայրերում ապրելը դարձել է անտանելի։ Մարդիկ կորցրել են հանգիստը։ Ով գոնե մի փոքր հնարավորություն ունենում է, հեռանում է։

Սա էլ դարձել է արտագաղթի հիմնական պատճառներից մեկը։

Երբեմն դժգոհում են, թե Հայաստանում աշխատուժի պակաս կա, բայց մարդիկ չեն գալիս աշխատեն։ Չեն ուզում դրա պատճառն իրենց ու իրենց իրականացրած քաղաքականության մեջ տեսնել։ Չկան անվտանգության երաշխիքներ, ու դա ստիպում է մարդկանց հեռանալ։ Երբեմն էլ, որ վերադառնում են, հարկադրված են վերադառնում, և ոչ թե՝ սեփական ցանկությամբ։

Պատերազմից երկու տարի է անցել, բայց պատերազմի վտանգն ամեն վայրկյան կախված է երկրի գլխին։ Պատերազմը կանխելու կամ պատշաճ դիմագրավելու իշխանությունների քայլերը հավատ չեն ներշնչում։ Ինչի վրա ասես փող են ծախսում՝ սահման կահավորելու ու զենք գնելու, երկրի պաշտպանությունն ու անվտանգությունն ամրապնդելու փոխարեն։

Վաղվա օրվա նկատմամբ մտահոգություններն են, որ մարդկանց ստիպում են գնալ երկրից։ 10 ամսում 37,4 հազարը մարդկային լուրջ կորուստ է Հայաստանի համար։

Իսկ այն, որ այս տարի ավելի շատ մարդ է եկել Հայաստան, քան գնացել է, ամենևին էլ չի խոսում ներգաղթի մասին։ Դա հարկադրված տեղաշարժ է, որ եղել է հիմնականում ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով, ինչը պարզորոշ երևում է հրապարակված ցուցանիշներում։

10 ամսվա պաշտոնական տվյալներով, Հայաստան է եկել՝ 2,737 մլն, վերադարձել է 2,711 մլն մարդ։ Եկող-գնացողների ընդհանուր հաշվեկշիռը դրական է 25,2 հազարով։ Դա եղել է բացառապես Ռուսաստանի քաղաքացիների հաշվին։ Եթե չլիներ ռուսական գործոնը, ընդհանուր մուտքերն ու ելքերն էլի էին բացասական լինելու։

Սա եզակի տարիներից մեկն է, երբ Ռուսաստանից ավելի շատ մարդ է եկել Հայաստան, քան գնացել է։

Խոսքը բացառապես Ռուսաստանի քաղաքացիների մասին է, որոնց մեջ, անշուշտ, քիչ չեն նաև մեր այն հայրենակիցները, ովքեր ստացել են Ռուսաստանի քաղաքացություն։

Տասն ամսում Ռուսաստանից Հայաստան է մտել 915,7 հազար մարդ, դուրս է եկել 858,1 հազարը։ Նրանք վերադարձել են Ռուսաստա՞ն, թե՞ Հայաստանն օգտագործել են՝ որպես հնարավորություն այլ երկրներ մեկնելու համար, հայտնի չէ։

Մուտքի ու ելքի այս ցուցանիշները թույլ են տալիս պատկերացում կազմել այն մասին, թե Ռուսաստանի քանի քաղաքացի է մնացել Հայաստանում։ Պաշտոնական տվյալներով, այդ թիվը կազմել է 57,6 հազար։

2022թ. նոյեմբերի սկզբի դրությամբ այդքանով ավելի շատ Ռուսաստանի քաղաքացի է եկել Հայաստան, քան գնացել։

Սա, իհարկե, ստատիկ թիվ չէ և անընդհատ փոփոխվում է, բայց մոտավոր պատկերացում է տալիս միգրացիոն այն տեղաշարժերի վերաբերյալ, որոնք նախորդ տարի դիտարկվել են Ռուսաստանից դեպի Հայաստան։

Նաև դրանով է պայմանավորված զբոսաշրջության այն աճերը, որոնք նկատվում են։ Թեև դրանք իրականում այնքան էլ կապ չունեն զբոսաշրջության հետ և ավելի շատ հարկադրված այցելություններ են, բայց հաշվարկվում են նաև զբոսաշրջության ցուցանիշներում։ Դրա արդյունքում էլ սկսել են խոսել զբոսաշրջության նախկին տեմպերի վերականգնման մասին։ Իհարկե, խոսքը դեռ ընդամենը մեկ ամսվա մասին է։

Նման հայտարարություն էր արել Զբոսաշրջային կոմիտեն՝ նշելով, որ 2022թ. առաջին անգամ գերազանցեցինք 2019թ. այցելություններն ամսվա կտրվածքով՝ գրանցելով 144576 այցելու, 2019թ. նոյեմբերին գրանցված 140376 այցելուի դիմաց։

Կասկած չկա, որ այս այցելուների մեծ մասը եղել են հենց Ռուսաստանից։

Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքացիներից զատ, այլ երկրների պարագայում մուտքերի ու ելքերի մեծ տարբերություններ նախորդ տարի չեն նկատվել։ Նույնիսկ Ուկրաինայի դեպքում, թեև թվում էր, թե այդպես չպիտի լիներ։

Ուկրաինայից մուտքերն ու ելքերը գրեթե հավասար են։ Տարբերությունն ընդամենը 37 է։

Այսինքն՝ ինչքան եկել են, գրեթե ամբողջությամբ գնացել են։ Հայաստանում չեն մնացել։

Ավելի քան 1000-ով գերազանցել է իրանցիների ելքը Հայաստանից։ Ելքերի տարբերությունն ավելի մեծ է նաև Միացյալ Նահանգների պարագայում՝ շուրջ 800-ի կարգի։

Մյուս երկրների դեպքում մեծ տարբերություններ չկան։ Գրեթե որքան եկել, այնքան էլ գնացել են։

Այնպես որ, հիմնական դրսևորումներն արտահայտվել են Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքացիների տեղաշարժերի պարագայում։ Եթե Հայաստանից ավելի շատ գնացել են, ապա Ռուսաստանից եկել են, գուցե նաև այլ երկրներ տեղափոխվելու ակնկալիքով։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ