Սպառնում է ինքնասպան լինել. դիմում է Ռիտա Սարգսյանին

Աբովյան ՔԿՀ-ում պատիժը կրող Կարինե Այվազյանը հայտնվել է անելանելի իրավիճակում: Բազմազավակ մայրը տառապում է: Ասում է` կյանքիս վերջ տալ եմ ուզում :
՛՛Տանս տանիքը վառվել է ու էրեխեքս հազիվ են փրկվել: Հարևանները մի կերպ հասել են: Տղուս ձեռքն է այրվել ու աղջկաս ոտքերը, ամբողջ անկողինը ու մեր առաջին անհրաժեշտության եղածը վառվելա: Մինչև պաժառնին եկելա արդեն ահագին վնաս ա եղել՛՛,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում պատմեց Կարինեն: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 3-ին: Հրդեհի բռնկման պատճառների մասին Կարինեն ոչինչ չգիտի:
՛՛Հիվանդ տղուս հազիվ են հանել, համարյա խեղդվել ա: Ես ուզում եմ խնդրանքով դիմեմ , ասեմ, որ ես ինչ արել եմ արել եմ իմ երեխեքի համար: Ես առանց իմ երեխեքի չեմ ուզում ապրեմ: Մի բան լինի՝ կյանքիս վերջ կտամ: Ես նամակ եմ գրել ու դիմել եմ առաջին տիկնոջը ՛՛,-նշեց դատապարտյալը:
Կարինե Այվազյանը տեղեկացրեց նաև, որ ընտանիքին զրկել են ՛՛Փարոս՛՛ սոցիալական նպաստից , քանի որ անդամալույծ Ռուդիկի 17 տարին է լրացել, իսկ նա դեռ անձնագիր չունի: Իսկ անձնագիր չունի, քանի որ գամված է անկողնուն և չի կարող գնալ անձնագիր ստանալու:
Հիշեցնենք, մահացած ազատամարտիկի այրի՝ Կարինե Այվազյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի առաջին մասով՝ թրաֆիկինգ և 325 հոդվածով աշխատանքային կեղծ տեղեկանք տալու համար: Նա ազատազրկման է դատապարտվել 5 տարի 3 ամիս ժամկետով:
Նրա փոքր տղան` 9-ամյա Բենիամինը հաճախ դպրոց չի գնում հագուստ չունենալու պատճառով : Մյուս տղան` Ռուդիկը արդեն 16 տարի տեղաշարժվում է սայլակի օգնությամբ: Կարինեն ունի 5 երեխա, որոնք ապրում են հույսի ավանում և ոչ մի աջակից չունեն: