Վստահ եմ շուտով ամեն բան ջրի երես դուրս կգա, և Աննային մեղադրողները ներողություն կխնդրեն նրանից. Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս իշխանության լկտիությանը չափ ու սահման չկա։ 2018 թվականից մինչև այսօր Նիկոլը իր իշխանությունը պահում է ստի ու կեղծիքի վրա հիմնվելով։
Չկա սուտ, չկա իշխանություն, բայց քանի դեռ սուտը կա, նա իր իշխանությունը կարողանում է պահել։
Ստի իշխանությունը հիմա էլ թիրախավորել է իմ ընկեր Աննա Մկրտչյանին։
Բանն այն է, որ Աննա Մկրտչյանի մեքենան ապօրինի առգրավել են ու կեղծ մեղադրանք են փորձում առաջ քաշել։
Նիկոլի ենթակայության տակ գտնվող «Քննչական կոմիտե»-ից պարզաբանել են, որ սույն թվականի հունվարի 10֊ին Աննա Մկրտչյանին պատկանող մեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ և դիմել փախուստի։
Դավաճան իշխանության կողմից սա հերթական սուտն է, որը կրկին անպատիժ է մնալու, քանի դեռ իրենք են իշխանության։
Նրանք հիմա ստում են այնպես, ինչպես ստում էին 44֊օրյա պատերազմի ժամանակ, երբ ասում էին, թե հաղթելու ենք։ Ստում են այնպես, ինչպես ստեցին այն ժամանակ, երբ ասում էին, որ առանց Արցախի մասնակցության Ալիևի հետ բանակցություն չի լինելու, ստում են այնպես, ինչպես ստում էին, երբ ասում էին, որ գերիները մեզ կներեն 1֊2 ամիս ավել մնալու համար, բայց արդեն 2 տարուց ավելի է գերիները անճակատագիր գտնվում են Բաքվի բանտերում։
Ստերի շարանը կարելի է անվերջ շարունակել, որովհետև, ինչպես վերը նշեցի, այս իշխանությունը հիմնված է ստի ու կեղծիքի վրա։
Ինչ վերաբերում է Աննա Մկրտչյանի դեմ կեղծ մեղադրանքներին, ապա սա Նիկոլի ու իր մանկլավիկների հերթական շոուն է։ Այս իշխանության որդեգրած կեղծ քաղաքականությամբ տուժում են նրանք, ովքեր դեմ են իրենց։
Վստահ եմ շուտով ամեն բան ջրի երես դուրս կգա, և Աննային մեղադրողները ներողություն կխնդրեն նրանից»։