Կոալիցիոն կառավարության որեւէ նախարար իր անհամաձայնությունը չի հայտնել կառավարության գործունեությանը. ՀՀԿ-ն հիշեցրեց
“Ոչ մի տեղ չտանող ճանապարհ” ,-ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այսպես բնութագրեց երեկ կառավարության ծրագրի քննարկման ընթացքում հնչած քննադատական ելույթները, որտեղ , պատգամավորի խոսքով, գերակշռում է կառավարության նախորդ գործունեության քննադատությունը:
Գագիկ Մինասյանը ընդգծեց.”Մեր նախկին կառավարությունը եղել է կոալիցիոն` ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ մասնակցությամբ: Այդ տարիներին որեւէ նախարար իր անհամաձայնությունը չի հայտարարել կառավարության գործունեությանը եւ չի դրել իր պորտֆելը, որեւէ կուսակցություն հետ չի կանչել իր նախարարին”:
Գագիկ Մինասյանը շեշտեց, որ կոալիցիոն կուսակցությունները միահամուռ քվեարկել են կառավարության հաշվետվություններին ու բյուջեի ծրագրերին: “Երբ մենք ասում ենք` “հավատանք, որ փոխենք, մենք նկատի ունենք ներկան եւ ապագան, բայց ոչ անցյալը”,-եզրափակեց Գագիկ Մինասյանը: