Անհրաժեշտ է Ադրբեջանի վրա հստակ ճնշում գործադրել` դադարեցնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անմարդկային շրջափակումը և բանակցությունների սեղան վերադառնալու նպատակով. Արարատ Միրզոյան
Վարկաբեկելով համաշխարհային բնապահպանական օրակարգը և ոտնահարելով ազատ տեղաշարժի իրավունքը՝ Ադրբեջանը պատանդառության մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի, այդ թվում` 30 հազար երեխաների և մի քանի հազար հաշմանդամների, G-20-ում Հնդկաստանի նախագահության շրջանակներում անցկացվող «Հարավի ձայն վիրտուալ գագաթաժողովին» հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Աշխարհում, որտեղ սպառնալիքներն ու մարտահրավերները շարունակում են ավելանալ, իսկ բացառման երևույթները շարունակում են աճել, մենք պետք է ներառական գործընկերության համար նոր ուղիներ բացահայտենք՝ մեղմելու բացասական միտումները և օգտվելու Գլոբալ հյարավի հսկայական ներուժից: Այդ առումով, G-20-ում Հնդկաստանի նախագահության առաջնահերթությունները՝ կանաչ զարգացումից մինչև տեխնոլոգիական փոխակերպում, ներառական և կայուն աճից մինչև կանանց կողմից առաջնորդվող զարգացում և այլն, նախապայման են հանդիսանում ազատ և բաց աշխարհի համար, որը փոխկապակցված է, բարեկեցիկ և ապահով»,- ասել է նա։
Ըստ Միրզոյանի՝ գլոբալ հարավի երկրների և ժողովուրդների զարգացման համար բարենպաստ միջավայր ստեղծելու առաջնահերթություններից պետք է լինի հաղորդակցությունը։
«Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր՝ Հայաստանը մեր տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս ներառական և անաչառ տարածաշրջանային ու անդրսահմանային կապի խրախուսման վաղեմի ջատագովն է, ինչը կբացահայտի Հարավային Կովկասի առևտրային և տարանցիկ ներուժը: Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ երկրների միջև արդյունավետ համագործակցությունը և բոլոր տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն առանցքային են մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի քաղաքական խոչընդոտները վերացնելու համար, հատկապես գլոբալ տնտեսական անկման ժամանակաշրջանում և բոլոր ժողովուրդների տնտեսական ու սոցիալական իրավունքների իրացման տեսանկյունից:
Այս առումով մենք շահագրգռված ենք զարգացնել համագործակցությունը Հյուսիս-Հարավ կապի, ինչպես նաև Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում։ Հայաստանը նշանակալի է համարում Հնդկաստանի ներուժն ու հեռանկարային դերն այս նախագծերում։
Մինչ մենք խոսում ենք հաղորդակցության և մարդկանց ազատ տեղաշարժի մասին, արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ամբողջ աշխարհն ականատես է լինում այս սկզբունքների կոպտագույն խախտման. շինծու բնապահպանական մտահոգությունների պարտրվակով Ադրբեջանի կառավարության մի խումբ գործակալներ արգելափակել են Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող միակ կյանքի ճանապարհը: Վարկաբեկելով համաշխարհային բնապահպանական օրակարգը և ոտնահարելով ազատ տեղաշարժի իրավունքը՝ Ադրբեջանը պատանդառության մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի, այդ թվում` 30 հազար երեխաների և մի քանի հազար հաշմանդամների։ Ադրբեջանական ապօրինի շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն այսօր առերեսվում է հումանիտար աղետի: Առկա է առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի և դեղորայքի սուր պակաս։ Զգալի է թերսնման, հատկապես` երեխաների թերսնման վտանգը։ Ադրբեջանական շրջափակման տարբեր կողմերում հայտնված հարյուրավոր ընտանիքներ մնում են բաժանված»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Միրզոյանը նշել է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը բարձր է գնահատում միջազգային հանրության և, մասնավորապես, 2022 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ժամանակ ՄԱԿ ԱԽ անդամների մեծամասնության միանշանակ կոչերը՝ շրջափակումը դադարեցնելու և միջազգային կազմակերպությունների` Լեռնային Ղարաբաղ մուտքն ապահովելու վերաբերյալ։
«Այնուամենայնիվ, Ադրբեջանի շարունակական սադրանքներն ու ագրեսիվ գործողությունները ցույց են տալիս, որ պատասխանատվության համարժեք մեխանիզմների բացակայությունը միայն խրախուսում է Ադրբեջանին` կասկածի տակ դնել միջազգային հանրության գործողություններ ձեռնարկելու վճռականությունն ու պատրաստակամությունը։ Ներկայումս մեր միջազգային գործընկերների, այդ թվում` G-20 անդամների կողմից անհրաժեշտ է Ադրբեջանի վրա հստակ ճնշում գործադրել` դադարեցնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անմարդկային շրջափակումը և բանակցությունների սեղան վերադառնալու նպատակով։
Մենք նաև անհրաժեշտ ենք համարում տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել մարդասիրական մուտքի ապահովումը», – հավելել է Արարատ Միրզոյանը։