Փաշինյանը սխալ է հասկանում թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի մեսիջները. Լևոն Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հրաժարվելով ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելուց, դեմարշ է իրականացնում Ռուսաստանի դեմ՝ միևնույն ժամանակ չունենալով ադրբեջանաթուրքական վտանգին դիմակայելու այլընտրանքային գործուն մեխանիզմներ։
«Դա նաև դեմարշ է։ Դեմարշ է Ռուսաստանի դեմ և, ընդհանրապես, ՀԱՊԿ-ի դերակատարության դեմ։ ․․․ Պատկերացրեք՝ Ադրբեջանը մի քանի ագրեսիվ ակտ կատարի Հայաստանի նկատմամբ, և նրան խոչընդոտող միակ ուժը պիտի լինի Ռուսաստանն՝ իր կառույցներով, որովհետև, ինչպես ցույց տվին զարգացումները, Արևմուտքն ընդհանրապես ազդեցություն չունի այս գործընթացների վրա։ Միակ խոչընդոտող ուժը դա պետք է լիներ, զորավարժությունները զսպող լրացուցիչ մի մեսիջ պետք է լինեին, իսկ Հայաստանը դրանից հրաժարվում է։ Այստեղ հարց է ծագում, իսկ այդ հարցն առաջին հերթին ծագելու է Ալիևի ուղեղում՝ իսկ ինչի՞ վրա է դրել հույսը Հայաստանը։ Ռուսաստանի ռազմական հնարավոր օգնությունից հրաժարվում է՝ իր հույսն ինչի՞ վրա է դրել։ Ո՞րն է լինելու այն զսպիչ ուժը, եթե, օգտագործելով իրենց ռազմական առավելությունը, Ադրբեջանն ու Թուրքիան ինչ-որ բաներ սկսեն Հայաստանի դեմ»,- «ՍիվիլՆեթի» հետ զրույցում ասել է ՀԱԿ փոխնախագահը։
Եթե Նիկոլ Փաշինյանի պլանը ռուսական անվտանգային համակարգից հրաժարվելը և դեպի Արևմուտք գնալն է, ապա դրան, Լևոն Զուրաբյանի խոսքով, պետք է հստակ արձագանքի Արևմուտքը, սակայն հարց է ծագում՝ Արևմուտքը նման շահ և շահագրգռվածություն ունի՞ Հայաստանում և կմտցնի՞ ՆԱՏՕ-ի զորքերն Անդրկովկաս՝ դիմակայելու ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային։
«Լինում է այն, ինչը ժամանակին եղավ Սահակաշվիլիի հետ։ Սահակաշվիլին, ոնց որ հիմա, երբ Փաշինյանը որոշել է, որ Ռուսաստանն իրեն մեսիջ է տալիս, որ պետք է մտնել Միութենական պետության մեջ, եկել էր եզրակացության, որ Արևմուտքը ցանկանում է, որ ինքը մտնի հակամարտության մեջ Ռուսաստանի հետ, և այդ դեպքում Արևմուտքն ամբողջ ուժով գալու է, օգնելու է Վրաստանին՝ Ռուսաստանի դեմ, ինչպես հիմա անում է Ուկրաինայում։ Ամենահետաքրքիրն այն է, որ նրան ոչ ոք այդպիսի բան չէր ասել։ Արևմուտքն ընդամենը շատ լավ արձագանք էր տվել նրա հակառուսական հայտարարություններին, որից Սահակաշվիլին եզրակացրել էր, թե Արևմուտքի ուզածն է, որ ինքը մտնի հակամարտության մեջ Ռուսաստանի հետ, և Արևմուտքն ամբողջ թափով օգնության կգա Վրաստանին։ Եվ վրացիները բավականին մեծ կորուստներ ունեցան»,- հիշեցրել է Լևոն Զուրաբյանը։
Այս ամենը գերտերությունների քաղաքական մեսիջները սխալ կարդալու հետևանք է, կարծիք է հայտնել նա․ Փաշինյանը սխալվում է և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի մեսիջները կարդալու հարցում։
«Սահակաշվիլին գոնե երկու արևմտյան համալսարան է ավարտել, բազմաթիվ լեզուների է տիրապետում, իր քաղաքագիտական և այլ մակարդակներով 10 անգամ գերազանցում է Նիկոլ Փաշինյանին, բայց նա՛ սխալվեց այդ հարցում, իսկ Նիկոլ Փաշինյանը հենց այդ ամենակարևոր հարցում՝ գերտերությունների մեսիջները, նպատակները կարդալու հարցում ամեն րոպե է սխալվում, ամեն րոպե։ Իսկ դա այն արվեստն է, որում սխալվել չի կարելի։
Փաշինյանը սխալվում է Արևմուտքի պատրաստակամությունը գնահատելու հարցում, սխալվում է Ռուսաստանի նպատակները հասկանալու հարցում, սխալվում է Ադրբեջանի նպատակները հասկանալու հարցում»,- ընդգծել է Լևոն Զուրաբյանը։