Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է. Վարչապետ
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իշխանության ու ժողովրդի արձագանքը պետք է լինի ասիմետրիկ, կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերջին տարիների զարգացումների, դրանց խորքային իմաստների ու պատճառների հետ պետք է առերեսվել այն կտրվածքով, որ իրադրությունների մեր գնահատականները պետք է լինեն փաստահենք։ Այս առումով, առաջին հերթին, պետք է խուսափել իրադրությունն էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, որովհետև վերջնակետին հասնելու հստակ պատկերացումներով չզուգորդված հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս», – ասաց նա։
Վարչապետն ընդգծեց՝ Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև պետք է սկսվի քաղաքական խոսակցություն, ու ԼՂ իշխանությունը պետք է հնարավորություն չտա, որ որևէ մեկն իրեն մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու մեջ կամ նման խոսակցությունն անհնար դարձնելու մեջ։
«Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է ու չպետք է իրականացնել քայլեր, որոնք ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար։ Սադրանքի ու էսկալացիայի նպատակներից մեկը Բաքվի ու Ստեփանակերտի միջև քաղաքական ու պաշտոնական խոսակցության ակնհայտ անհրաժեշտությունը քողարկելն է ու օրակարգից դուրս մղելը, չպետք է արվեն գործողություններ, որոնք նպաստում են այս սադրիչ խնդրի լուծմանը», – ընդգծեց Փաշինյանը։
Ասաց՝ ՀՀ դիավանագիտական ծառայությունը, արտաքին կապեր ունեցող բոլոր գերատեսչություններն ու շրջանակները պետք է կրկնապատկեն ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի միջազգային տեսանելիությունը մեծացնելու ու տարբեր ատյաններում քննարկման առարկա դարձնելու ուղղությամբ։
«Այս իմաստով, հսկայական աշխատանք է արվել, բայց անհրաժեշտ է ավելին», – նշեց նա։
Հիշեցնենք՝ երեկ Արցախի Անվտանգության խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ շեշտելով. «Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ առաջացրել են մտահոգություններ. դրանք չեն համապատասխանում Արցախի իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը»։