Նիկոլ Փաշինյանը սխալվում է. անհետ կորածներին վաղուց չեն որոնում․ «Ժողովուրդ»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրած իր ասուլիսի ժամանակ հայտարարեց. «2022թ.-ի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական վերջին սադրանքի եւ 2020թ.-ի 44-օրյա պատերազմի հետեւանքով անհետ կորած համարվող անձանց վայրը պարզելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են»:
«Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով մեկնաբանություն խնդրեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանին, որը պարբերաբար բարձրաձայնում է այս հարցը: Թովմասյանը հայտնեց. «Ցավում եմ, որ երկրի վարչապետը չի տիրապետում նման կարեւոր տեղեկության կամ իմիտացիա է անում, թե ամեն հարցով զբաղվում է:
Իրականում 44-օրյա պատերազմի հետեւանքով անհետ կորած համարվող մոտ 200 անձանց որոնողական աշխատանքները դադարեցվել են դեռեւս 2022 թվականի հունվար ամսից: Դադարեցվել է Ադրբեջանի միակողմանի որոշմամբ: Այս հարցը բազմիցս քննարկել եմ նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի իմ գործընկերների հետ, ինչպես նաեւ տասնյակ ահազանգեր եմ ուղարկել աշխարհի տարբեր կառույցների եւ կենտրոնների, որոնք զբաղվում են մարդու իրավունքների հարցերով:
Առ այսօր որեւէ դրական տեղաշարժ չկա: Լավ կլիներ, որ ասուլիսին պատրաստվելուց առաջ համապատասխան տեղեկությունները ճշտեր երկրի թիվ մեկ պաշտոնյան. անլուրջ է այս ամենը»: