06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Զվարճանալու համար թուրքերը հղի կանանց փորը կտրում էին ու …

Վերապրած Թովմաս Պողոսյանի վկայությունը

1917 թ., Կարին

Տիգրանակերտի նահանգից Թովմաս Պողոսյանի պատմությունը  սկսվում է 4000 տուն ունեցող Հայնի գյուղաքաղաքից, որտեղ 1000 հայի տուն կար: Հենց նրանց ձեռքին էրարհեստներն ու վաճառականությունը, գրում է armeniangenocide100.org-ը: Ինքը զորակոչվել է, մասնակցել օսմանյան բանակի մարտերին, բոլոր հայերի պես զինաթափվել ու բանտարկվել: Բանակից հեռացնելուց առաջիրենց վաշտի բոլոր 60 հայ զինվորներին թուրքերն առաջարկել են թրքանալ: Մերժել են ու գնացել ճանապարհների վրա աշխատելու, մինչև որ սկսվել են հալածանքները:

 Տիգրանակերտի նահանգի Հայնի գիւղաքաղաքէն Թովմաս Պօղոյեանի պատմութիւնը:

 Հայնի Տիգրանակերտի նահանգի հիւսիս-արևելեան կողմը, 4000 տուն բնակիչ ունեցող գիւղաքաղաք մըն է, որուն հազար տունը` միայն հայեր, իսկ մնացեալները ամբողջութեամբ թուրքեր են: 

Հայ ժողովուրդը բաժնուած էր երկու յարանուանութեան` բողոքական և լուսաւորչական: 900 տուն լուսաւորչական և 100 տուն բողոքական, մէյ-մէկ եկեղեցիներով: Լուսաւորչականները [ունէին] խառն երկսեռ երեք վարժարաններ` 600 աշակերտներով, իսկ բողոքականները` երկու վարժարան, մին՝ մանչերու, միւսը՝ աղջիկներուն 120 աշակերտ-աշակերտուհիներով: 

Քիչ բացառութեամբ` արհեստները և վաճառականութիւնը հայ ժողովուրդին ձեռքն էին: Տնտեսական ուղիղ հաշիւ չեմ կրնար տալ, միայն կարող եմ ըսել, թէ բաւականին բարեկեցիկ վիճակում էին: 

Հայնին ալ իր կարգին պատասխանեց զօրակոչին, բոլոր հայ զինուորները՝ քիչ բացառութեամբ, գացին կատարելու իրենց պարտականութիւնը, միաժամանակ բռնագրաւման յանձնաժողովը գրեթէ կը կողոպտէր հայ վաճառականները և տուները: Ատկէ զատ, զինուորները, լցուած քաղաքը, մասնաւորապէս հայ շրջանները, իրենց պէտք եղած իրերը կը յափշտակէին առանց կարևորութիւն տալու բողոքներուն: 

Ես մտայ Լիբանանի 21-րդ թնդանօթաձիգներու վաշտը: Մեր վաշտը փոխադրուեցաւ Քէօփրիւ Քէոյի մօտ Հէքիպաթ ըսուած գիւղը: Երկու ամիս այդտեղ մնալէ յետոյ անցանք Քէօթակ: Յետոյ, թրքական յարձակողականի ատեն մեր վաշտը մասնակցեցաւ Սողանլուի կռիւներուն: Մեր վաշտը կը բաղկանար 1600 [հոգի]է, բայց կռիւներէն յետոյ մնաց 200 հոգի: Մնացորդներս քաշուեցանք Ազապ գիւղ, մինչև յունուար մնացինք հանգստանալու: Այդ ամսուն` հայ զինուորները զինաթափ եղան: Մեր վաշտին մէջ մնացած էր 60 հայ զինուոր: Ամէնքս ալ զինաթափ ըրին և դրին փոխադրութեան ծառայութեան: 15 օր միայն փոխադրութեան ծառայելէ յետոյ մեզ փոխադրեցին Էրզրում և բանտարկեցին: 8 օր բանտ մնալէ յետոյ փոխադրուեցանք Աշգալա: 

Հայերը վաշտէն հեռացնելու ատեն, դերջանցի Սեդրակ անունով զինուոր մը պահեցին, որովհետև իմացած էին, որ շատ փող ունէր, պահանջեցին, որ փողը յանձնէ, ան ալ մերժած էր: Յետոյ թուրք վիրաւոր զինուորներէ իմացանք, որ սպաննած էին: 

Մէկ գիշեր Աշգալա բանտարկելէ յետոյ մեզ փոխադրեցին Մամախաթուն` ճանապարհներու վրայ աշխատելու: 

Նախքան բանակէն հեռացները մեզի առաջարկուեցաւ թրքանալ: Մենք պահանջեցինք պատճառը գիտնալ այդ առաջարկին: Անոնք պատասխանեցին, թէ բան մը չկայ, միայն առաջարկ կընեն մեզի թրքանալու: Մենք, իհարկէ, մերժեցինք և զինաթափուեցանք: 

Մինչև մայիս Դերջանի շրջանը ճանապարհներու վրայ աշխատեցանք: Այդ օրերը սկսաւ հայերու դէմ հալածանքը: Նախ սկսան աչքի ընկնող անհատները ձերբակալել և ափաշկարա կողոպտել: Արդէն այդ օրերը ամէն տեղ բռնի գրաւելը և բռնութեամբ փող պահանջելը դարձած էին սովորական: 

Ձերբակալուածները իրարու հետ թոկով կապուած դուրս կը հանէին բանտէն և կը բերէին մեր իջած տեղը: Արդէն նախօրօք մեզի բանալ տուած կը լինէին խրամներ, որտեղ պէտք էր թաղուէին անոնց դիակները: Այնտեղ ամբողջոլթեամբ կը կոտորէին մեր աչքին առաջը, հարկադրէին մեզի մեր ձեռքով թաղելու՝ զէնքի սպառնալիքով: Կոտորողներն էին ժանտարմաները և կանխօրօք պատրաստուած չէթէները: Մահու սպառնալիքով մեզի կը հրամայէին լուռ մնալ և եթէ հարցնող լինի` յայտնել, թէ քիւրտերը յարձակեցան և սպաննեցին: Մեր ամէնօրեա յաշխատանքն էր խրամները բանալ և դիակները թաղել:

Կիրակի օր մը Էրզրումի կողմերէն խումբ մը բանտարկեալներ բերին մեր բացած խրամներուն մօտ և սկսան կոտորել: Թաղելու ատեն մէկ հոգի կուրծքէն վիրաւոր ողջ մնացած էր, ջուր խնդրեց: Գերմանացի օֆիցեր մը, ատրճանակը ձեռքին, ըսաւ. «Կուզե՞ս ջուրին տեղը քեզի մէկ գնդակ տամ», բայց չպարպեց ատրճանակը, հրամայեց ողջ ձգել դիակներուն հետ և թաղել: Յաջորդ հինգշաբթին չափագէտի հետ միասին էինք ճանապարհի վրայ: Գլուխը կապած վիրաւոր հայմը դեմերնիս եկաւ և հաց խնդրեց: Հարցուցինք որտեղէն գալը, պատասխանեց. «Զիս թաղեցին, երեք օր գերեզմանին մէջ չարչարուելէ յետոյ դուրս եկայ»: Մեր թաղած խումբէն էր: Հաց տուինք: Գնաց դէպի աշխատաւոր զինուորներու վրանները: Վերադարձանք վրանները: Այնտեղ նստած էր նոյն վիրաւորը: Զինուորները գերեզման կը փորէին: Հարցուցինք որո՞ւ համար էր, քանի որ նոր խումբ չկար: Վիրաւորը պատասխանեց. «Ինծի համար է, զիս պիտի թաղեն»: Իսկապէս ողջ գցեցին և թաղեցին:

 

Այս դէպքերէն յետոյ սկսաւ ընդհանուր տեղահանութիւնը Կարնոյ շրջականերուն և Դերջանի: Այդ միջոցին մեզի առաջարկուեցաւ, որ ով որ այդ շրջանին մէջ տուն, ընտանիք ունի, բաժնուի և անոնց հետ աքսորի երթայ: Բայց մենք գիտնալով, որ կը սպաննեն, դերջանցի զինուորներուն թոյլ չտուինք, որ ընտանիքներուն հետ երթան, թէև դերջանցիները տեսնելով, որ իրենց պարագաները կը քշուին, թուլացան և կուզէին երթալ: Այդ միջոցին եկաւ աշխատաւոր զինուորներու վրայ վերակացու դրուած թուրք Հասան չաւուշը և խստիւ պատւիրեց, որ չերթան, յայտնեց, թէ քիչ մը հեռուն ամէնքն ալ կը սպանեն: Այդ յայտնութեան վրայ գտցողներ չեղան: 

Մենք այդ միջոցին կը գտնուէինք Մամախաթունի և Քէօթիւ (անպէտք) Քէօփրիւի միջև: Ամէն օր կուգային տեղահանուածներու կարաւաններ: Այնտեղ կարաւանր կը կեցընէին և կը զատէին, տղամարդիկը քիչ մը հեռացնելէ յետոյ կը կոտորէին, յետոյ կը դառնային կիներուն, կը խուզարկէին փողի համար, լաւ մը կողոպտելէ յետոյ կ ըսկսէին բռնաբարութիւններ նախիրային ձևով և յետոյ կոտորած, մնացորդները կը քշէին, և մենք հարկադրօրէն պիտի թափէինք դիակները կանխօրօք բացուած խրամներու մէջ, մինչև որ կու գար երկրորդ կարաւանը և նոյն գազանութիւնները կը կրկնուէին: Այսպէս շարունակուեցաւ ամբողջ մէկ ու կէս ամիս: 

Վայրենի զուարճութեան համար շատ անգամներ ականատես եղանք, որ յղի կանանց փորը կը ճեղքէին նախքան սպաննելը և դուրս կը հանէին մանկիկները և սուրի ծայրը անցուցած, հռհռալով ցոյց կու տային միւս ընկերներուն մանկիկին հոգևարքի թպրտոցները: 

Ճանապարհի ամբողջ երկարութեան վրայ կային վեց վաշտ հայ աշխատաւոր զինուորներ: Գիշեր մը ամբողջին հաւաքեցին և հրամայեցին մեզ շարժիլ դէպի Երզնկայի ուղղութեամբ, իբր թէ գերմանացի բարձրաստիճան զինուորականները պիտի գային աւտոմոբիլներով, ճանապարհները պէտք էր շտկէինք: Սակայն մինչև Քէօթիւ Քէօփրիւ գացինք, յանկարծ հրամայուեցաւ ետ դաոնալ իւրաքանչիւր վաշտ իր նախկին տեղը և յայտարարուեցաւ, թէ ձեզի պիտի տանէինք կոտորէինք, բայց հրաման եկաւ, որ չպիտի կոտորենք: 

Իրիկուն մը վերոյիշեալ Հասան չաւուշը մեզի յայտնեց, թէ օր մը ձեզի կը կոտորեն, ովքեր կարող են թող փախչին: Խումբ մը պատրաստուեցանք փախչելու, բայց բասենցի Սիրական չաւուշը գնաց, լուր տուաւ հրամանատարին, մեզ բռնեցին, բանտարկեցին երեք օր, նորէն բաց թողուցին և սկսանք աշխատանքի: 

Գիշեր մը նորէն Հասան չաւուշը եկաւ մեր մօտ, յայտնեց, թէ հունձքերը լմննալէ յետոյ ձեզի պիտի կոտորեն, փախեցէք ուր որ կրնաք: Յօթը ընկերներով խորհրդակցեցանք, ծրագիր կազմեցինք փախչելու, ցորեն տուինք գաղթականներուն և հաց առինք, գացինք Ճիպիճէ ըսուած սարը: Այնտեղ հանդիպեցանք երկու թուրք դասալիքներու: Անոնք մեզի միացան և առաջնորդեցին Երզնկա: Այնտեղ հաց առինք և գացինք: Առաւօտեան դուրս ելանք և ձորի մէջ հանդիպեցանք թուրք զինոլորներու: Անոնց հարցումին մենք պատասխանեցինք, թէ փոխադրութեան վրայ աշխատաւոր զինուորներ ենք: Ձորին մէջ հինգ ընկերներ կորսնցուցինք և մնացինք երկու ընկերներով: Մօտերքը կային զինուորական վրաններ: Գիշերը գացինք մեր 5 ընկերները գտնելու համար անոնց անուններովը մութին մէջ կը պոռայինք` շրջակաները գտնելու յոյսով: Շարունակեցինք փնտռտուքը երեք գիշեր, բայց` անյաջող: Վրանները եղող զինուորները կարծելով, որ մենք ֆէտայիներ ենք, զինուած դուրս կուգային մեզ բռնելու, բայց մենք հետքերնիս կը կորսնցնէինք: Երբ ընկերներնիս չկրցանք գտնել, հետս եղող ընկերս յուսահատեցալ և գնաց Երզնկա կառավարութեան անձնատուր ըլլալու: Ես գացի դէպի Տերսիմ: 

1916 թուի մարտի 1-ին քիւրտերը յարձակեցան թիւրքերու վրայ, դէպի Խոզաթ, Տերսիմ, Մեծկերտ և բոլոր մօտակայ շրջանները: Մասնակցեցայ այդ արշաւանքներուն չորս անգամ: Մեր արշաւանքներէն յետոյ ինչ կողոպուտ որ կը բերէինք, ինծի բաժին չէին տար: Գրեթէ կիսամերկ մնացած էի: Ատոր համար փախայ գացի մէկ ուրիշ քիւրտ աղայի մօտ, որտեղ կային բաւական հայեր: Մինչև Երզնկայի գրաւումը մնացինք և յետոյ անցանք Երզնկա: 

Թովմաս Պօղոյեան, հայնեցի

[Գրի առնող` Ամատունի] 

ՀԱԱ, ֆ. 227, ց. 1, գ. 492, թթ. 2-8, բնագիր, ձեռագիր: 

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 3, Էրզրումի, Խարբերդի,Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահանգներ, Պարսկահայք, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 81– 84:

Աղբյուր` armeniangenocide100.org

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ