Պուտինը շնորհավորել է Փաշինյանին, Փաշինյանը՝ Զելինսկուն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գալիք տոների առիթով, շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը։
«Ձերդ Գերազանցություն,
Սրտանց շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ուկրաինայի բարեկամ ժողովրդին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։
Լիահույս եմ, որ գալիք տարում խաղաղություն և համերաշխություն կտիրի աշխարհում, և կայունության պայմաններում մեզ կհաջողվի համատեղ քայլերի շնորհիվ նոր թափ հաղորդել փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ի բարօրություն Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ, Ձեր ընտանիքին և մերձավորներին քաջառողջություն և հաջողություն, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և կայունություն»։
Իսկ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը․
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք ամանորյա և սուրբծննդյան սրտանց շնորհավորանքներ:
Անցնող տարին Ռուսաստանի և Հայաստանի համար հոբելյանական էր. մենք նշեցինք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը:
Կարևոր է, որ Ձեր պաշտոնական այցի ընթացքում հաջողվեց ամրագրել երկկողմ դաշնակցության ռազմավարական ուղղվածությունը, նախանշել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ԵվրԱզԷս, ՀԱՊԿ և ԱՊՀ ձևաչափերում գործընկերային փոխգործակցության հետագա զարգացման քայլերը:
Ակնկալում եմ շարունակել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ մեր երկխոսությունը և կառուցողական համատեղ աշխատանքը:
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ, իսկ Հայաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։