Աննա Վարդապետյանը փոխել է «Մարտի 1»-ի գործով հսկողություն իրականացնող դատախազին. Ժողովուրդ
Թերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Մարտի 1»-ի գործով հսկողություն իրականացնող դատախազին փոխել եւ որպես հսկող դատախազ է նշանակել Հայկ Հովհաննիսյանին:
Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ օգոստոսին «Մարտի 1»-ի գործի վրա հսկողություն իրականացնող դատախազ Ազատ Մարգարյանը ազատվել էր պաշտոնից, նրան փոխարինել էր Կարապետ Համբարձումյանը, սակայն այս տարվա նոյեմբերի 15-ին Աննա Վարդապետյանը նրան տեղափոխել է այլ պաշտոնի՝ նշանակելով ՀՀ գլխավոր դատախազության՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ, եւ ներկայումս, բացառությամբ դատարանում քննվող մասի, ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Հայկ Հովհաննիսյանն է գործի նկատմամբ հսկողություն իրականացնում:
Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հաստատեցին «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունը: Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ դատախազներ են փոխվում քրեական գործով, սակայն «Մարտի 1»-ի գործը այդպես էլ մնում է չբացահայտված: Հակակոռուպցիոն կոմիտեն մեկը մյուսի հետեւից կարճում է «Մարտի 1»-ի գործերը՝ վաղեմության հիմքով, եւ դեռ ավելին՝ մինչ օրս հայտնի չէ, թե ով այդ օրը սպանեց 10 քաղաքացիներին Երեւան քաղաքի կենտրոնում:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: