Ձոն Ժաննա Անդրեասյանին. Իշխան Զաքարյանի տիկինը հրճվանքի մեջ է. Իրավունք
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ Ժաննա Անդրեասյանին նշանակել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար: Այս մասին ԿԳՄՍ նախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջում արված հրապարակումը մեծ ուրախություն է պարգեւել ո՛չ ավել, ո՛չ պակաս երբեմնի ընդդիմադիր, իսկ հիմա անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի տիկինոջը՝ 2009-2017թթ.-ին Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին:
«Շնորհավորում եմ, շատ ուրախ եմ, տիկին Անդրեասյան։ Դուք կարողացաք մերան լինել, մոբիլիզացնել կրթության պրոֆեսիոնալներին, նվիրյալներին ու շարունակել նայել առաջ՝ առաջնորդելով մի հզոր բանակ։ Կեցցե՛ք, ի գործ», – ցնծությամբ՝ գրել է Գայանե Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դեռեւս 2012 թվականին իր հարցազրույցներից մեկում նշել է.
«Այդ նժդեհյան գաղափարախոսությունը, ըստ էության, ֆաշիստական գաղափարախոսություն է… Իրականում շատ վտանգավոր մեզ համար՝ որպես հասարակություն, 21-րդ դարում, որովհետեւ հիմնված է աշխարհի հանդեպ ագրեսիվ կոնցեպցիայի, աշխարհից փակվելու եւ սեփական գերազանցությունը մյուս հասարակությունների նկատմամբ սահմանելու մոլուցքով։ Եթե հանենք բոլոր սիրուն բառերն ու թողնենք իր կմախքը, իրականում կմախքը սա է։ Դա շատ վտանգավոր է»:
Իսկ թե ինչպե՞ս կրթական ոլորտում տարիների վաստակ ունեցող Գայանե Սողոմոնյանը դարձավ Նժդեհին ֆաշիստ անվանող Ժաննա Անդրեասյանի մեծ երկրպագուն, առնվազն հարցեր են առաջացնում: Իշխան Զաքարյանի ականջն էլ կանչի…