Տիգրան Ավինյանն «առուն չռած, հոպ է ասում». քաղաքապետի աթոռին է․ «Ժողովուրդ»
Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի զոհերի ֆոնին PR անող փոխքաղաքապետը այժմ էլ որոշել է «Եվրատեսիլ» երգի մրցույթն օգտագործել ապագա քաղաքապետի պաշտոնում իր դիրքերն ամրապնդելու համար:
Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Տիգրան Ավինյանն արդեն հարմար տեղավորվել է քաղաքապետի «աթոռին» եւ իրեն արդեն քաղաքային իշխանության ղեկավար է զգում: Այս խոսքերի վառ ապացույցը նաեւ երեկ Երեւանի քաղաքապետարանում անցկացված մամուլի ասուլիսն էր, որին միանգամից երկու փոխքաղաքապետ էր մասնակցում, բայց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չկար ու չկար: Եվ այս օրերին էլ, երբ մեծ աղմուկ են հանել Հանրապետության հրապարակում իրականացված լուսազարդարման աշխատանքները, արձագանքները հենց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի մակարդակով է:
Վերջինս քաղաքապետարանում իր ձեռքն է վերցրել ամեն ինչ եւ իրեն լիովին քաղաքապետ է զգում: Երեկ՝ մամուլի ասուլիսի ժամանակ, Տիգրան Ավինյանը եւս իրեն զգում էր որպես քաղաքապետ, որոշում, թե բանախոսներից ով որ հարցին պետք է պատասխանի, սակայն այդպես էլ խուսափեց պատասխանել հարցին՝ ամանորյա զարդարանքներն իր PR-ի համար են արվում, թե ոչ:
Ավելին՝ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 5-ին հենց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակիցների հետ միացնելու ամանորյա տոնածառերի լույսերը, ինչն ավանդաբար հենց քաղաքապետն է անում:
Հենց այդ օրը՝ ժամը 13:00-ին, Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան ասուլիսով է հանդես գալու եւ թերեւս կանդրադառնա նաեւ այդ հանգամանքին»: