22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ինձ ԱԱԾ-ն չի հարցաքննել. ՔԿ-ի հորինած մեղադրանքը պարզելն ԱԱԾ-ի համար 10 ժամվա, իսկ ՔԿ-ի համար 10 աշխատանքային օրվա գործ է». Աննա Մկրտչյան

ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանին առնչվող քրեական վարույթն Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) – Քննչական կոմիտե (ՔԿ) ճանապարհին կանխատեսելի կերպով բովանդակային փոփոխության ենթարկվեց:

Նախ ՀՀԿ Գործադիր մարմինը տեղեկացրեց, որ ՀՀԿ ԳՄ անդամ Աննա Մկրտչյանը մի զավեշտալի պատրվակով հրավիրվել է հարցաքննության Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե. իբրև թե Աննա Մկրտչյանի ծննդյան վկայականում նրա ծննդյան ամսաթիվը մեկ օրով սխալ է գրվել, որպեսզի «այլ դրդապատճառներով համապատասխանեցվի առավել նշանավոր օրվանը»՝ հավելելով, որ գործը հարուցվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից։

Այն, որ գործը ԱԱԾ-ն էր հարուցել, պարզ էր դառնում նաև Աննա Մկրտչյանի հրապարակած փաստաթղթից: Պատգամավորը հրապարակել էր քրեական գործ հարուցելու որոշումը, որում հստակ գրված էր, որ խնդիրը կապված է Աննա Մկրտչյանի ծննդյան օրվա հետ:
«Փաստորեն Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգի մարմիններն ի դեմս ԱԱԾ-ի և ՔԿ-ի, մոռանալով իրենց բուն պարտականությունները, այն է՝ երկրի արտաքին և ներքին բազմաթիվ մարտահրավերների բացահայտման, դիմակայման հետ կապված գործառույթները, օրինականության պահպանման և արդարության վերականգնման պայտավորությունը, ջանասիրաբար զբաղվում են մի հարցով, որն ամբողջությամբ հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստերից մեկի ժամանակ ԱԱԾ-ին տրված հանձնարարականը՝ «սատանաներ բռնել և բացահայտել»,- գրված էր ՀՀԿ ԳՄ տարածած հայտարարության մեջ:

Կիրակի արդեն Քննչական կոմիտեն (ՔԿ) Աննա Մկրտչյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ հաղորդագրություն տարածեց, որտեղ խոսքն արդեն բոլորովին այլ մեղադրանքի մասին էր:

«ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի և 325-րդ հոդվածի 1-ին մասի /ՀՀ նոր քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի և 457-րդ հոդվածի 1-ին մասի/ հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Աննա Արայի Մկրտչյանը 2001 թվականից, իսկ նրա եղբայր Հայկ Արայի Մկրտչյանը 2006 թվականից սովորել են Երևան քաղաքի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում։ 2011 թվականի հունվարի 10-ի դրությամբ վերջիններս հանդիսացել են նշված դպրոցի աշակերտներ և ուսումը նշված դպրոցում դադարեցրել են միայն 2011 թվականի փետրվարի 8-ին:

Նման պայմաններում, ըստ ստացված տվյալների, վերջիններս, 2011 թվականի հունվարի 10-ից մինչև 2011 թվականի մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում մշտապես գտնվելով ՀՀ-ում, 2011 թվականի հունվարի 10-ին իրենց մոր՝ Մ. Գրիգորյանի անվամբ լրացված կեղծ դիմումի հիման վրա հրամանագրվել են ՌԴ Մոսկվա քաղաքի Լազարևի անվան թիվ 2042 միջնակարգ դպրոցի 11-րդ «ա» դասարանում և ուսումնական պարապմունքներին չհաճախելով, միջնակարգ կրթության կրթական ծրագրերին չմասնակցելով՝ 2011 թվականի հունիսի 15-ին ձեռք են բերել նշված դպրոցի միջնակարգ կրթության վերաբերյալ իրավունք վերապահող բովանդակությամբ ակնհայտ կեղծ ավարտական վկայականներ, որոնք 2011 թվականի հունիսի 29-ին օգտագործվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտությունների ընդունելության մրցույթի ժամանակ:

Հենց նշված հանգամանքների կապակցությամբ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննության հրավիրելու նպատակով ծանուցագրեր են ուղարկվել Աննա Մկրտչյանին և Հայկ Մկրտչյանին: Հատկանշական է այն հանգամանքը, որ 26.11.2022թ․ ներկայանալով քննչական բաժին, Աննա Մկրտչյանը հարցաքննության ընթացքում օգտվել է դատավարական իր իրավունքներից և հրաժարվել պատասխանել իրեն առաջադրված հարցերին»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Թե ինչպես սխալ ծննդյան օր գրելու մեղադրանքը դարձավ ատեստատ կեղծելու մեղադրանք, թերևս միայն ՔԿ-ում կիմանան:

Ինքը՝ Աննա Մկրտչյանը, ՔԿ-ի տարածած հաղորդագրությանն ի պատասխան՝ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իր վերաբերյալ գործը հարուցվել է ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտում:

168.am-ի հետ զրույցում պատգամավորը նկատեց՝ երբեք չի հրավիրվել ու ցուցմունք չի տվել ԱԱԾ-ում հարուցված գործի շրջանակում: Չի ունեցել նաև վկայի դատավարական կարգավիճակ:

«Վկայի համար հարցերին պատասխանելը պարտականություն է, և հենց ՔԿ-ն իր հաղորդագրության մեջ ասել է, որ ես հրաժարվել եմ հարցերին պատասխանել՝ այդպիսով հաստատելով այն փաստը, որ ինձ օժտել են մեղադրյալի դատավարական կարգավիճակով, ու ես օգտվել եմ այդ կարգավիճակից, հարցաքննվել եմ այդ իրավունքների ու պարտականությունների ծավալով, այսպես ասած՝ վկա-մեղադրյալ»,- ասաց Աննա Մկրտչյանը:

Պատգամավորը պնդում է՝ ՔԿ-ի հաղորդագրությունը ֆեյք է:

«Հասկանալով, որ խայտառակվում են, նոր բան են մոգոնել ՔԿ-ում: Կրկնում եմ՝ իմ վերաբերյալ գործը հարուցվել է ԱԱԾ-ում, նոր գործով չեմ հրավիրվել: Իսկ ատեստատների հետ կապված՝ ինձ երբեք չեն հրավիրել ու չեն հարցաքննել: Այդ մասին իմացել եմ ՔԿ հաղորդագրությունից: Ավելին, ՔԿ-ի հորինած մեղադրանքը պարզելը ԱԱԾ-ի համար 10 ժամվա, իսկ ՔԿ-ի համար 10 աշխատանքային օրվա գործ է: Ընդամենը պետք էր ՌԴ Կրթության նախարարություն, ՌԴ-ում իմ դպրոցին կամ ՌԴ իրավապահ մարմիններին հարցում անել, ինչը կամ չեն արել, կամ արել են ու իրենց չուզած պատասխանն են ստացել ու դրա համար էլ չեն հրապարակում»,- ասաց Աննա Մկրտչյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ