22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երբ դեռ չկար աղետ, քաղաքը երբեք այդքան ցուցադրաբար չէր զարդարվում․ Վահե Հովհաննիսյան

Առաջներում, երբ դեռ չկար աղետ, քաղաքը երբեք այդքան ցուցադրաբար չէր զարդարվում։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, նաեւ նշել է. «Պարտադրվող ուրախությունը ավտորիտար և կաստայական համակարգերում կարևոր գործիք է՝ կառավարելիության և սեփական իշխանությունը պահելու համար։

18-19 դարի Ամերիկայում սևամորթ ստրուկներին ամենածանր տառապանքներից հետո ստիպում էին երգել-պարել։ Ուրախ լինելուց հրաժարվելը ավելի կոշտ պատիժ էր առաջացնում։

Նացիստները համակենտրոնացման ճամբարներում ստիպում էին հրեաներին՝ ուրախ թռվռալ, զվարճանալ։

Գուլագներում կին, ամուսին, բարեկամներ ունեցող ընտանիքների մյուս անդամները պարտավոր էին ուրախ և զվարթ տեսք ունենալ սովետական համընդհանուր տոներին։

Հաքսլին իր «Նոր չքնաղ աշխարհում» նկարագրում է Ալֆաների վերաբերմունքը մշտական ծանր աշխատանքի մեջ գտնվող և ավելիի ոչ մի բանի իրավունք չունեցող ցածր կաստաների հանդեպ. «Միակ բանը, որը պահանջվում է նրանցից՝ լինել երջանիկ»։

Իշխողների, վերին կաստաների, իշխանությունների համար կարևոր է, որ ամենաանմարդկային պայմաններում անգամ զանգվածները «լինեն երջանիկ»։

Ստիպողական երջանկությունն ունի խորքային հոգեբանական նշանակություն։ Անմարդկային իշխանությունները, ավերածություններ բերած կառավարիչները, ստանալով «երջանիկ զանգվածներ», սկսում են մտածել, որ իրենք ճիշտ են, ամեն ինչ նորմալ է, իրենք ոչնչում մեղավոր չեն, ամեն ինչ բնականոն գնում է։

Երևանի փողոցներում պարտադրվող նախաամանորյա և նախաեվրատեսիլյան ուրախությունը՝ փակվող փողոցներով, գունագեղ լույսերով, մեծ տոնածառերով, այս շարքից է։

Ամենադժվար պայմաններում անգամ կարելի է կազմակերպել զուսպ տոնակատարություն՝ հաշվի առնելով, իրոք, որ կան երեխաներ, կա ընթացիկ կյանք և այլն։

Բայց ընդամենը սեպտեմբերին 200-ից ավել զոհ տված երկրում, մի երկրում, որտեղ այդ պահին կան 18-20 տարեկան զինծառայողների չվերադարձված դիակներ, անմարդկային է նման գռեհիկ պարտադրվող տոնակատարությունը։

Իշխանությունն առաջնորդվում է «զանգվածների ուրախությունը իմ փրկությունն» է բանաձևով։ Դրա համար բյուջեից ցանկացած գումար դնում է, որ պարտադրվող ուրախությունը լինի ավելի զանգվածային։

Ուրախացեք, որ մոռանաք բոլոր զոհերն ու կորուստները, ուրախացեք, որ մոռանաք, որ 150 հազար հայ մեր իշխանության օրոք կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ, և ուրախացեք, որ մոռանաք, որ մեր իշխանության օրոք ամեն օր կարող է սկսվել նոր պատերազմ՝ նոր զոհերով։

Պարտադրվող ուրախությունը բերում է հասարակական դեգրադացիոն հարաբերությունների. է´լ ավելի են առանձնանում ու տարբերակվում վշտի հանրային շերտը, փուչիկի և սալյուտի շերտը, անտարբերների շերտը և այլն։ Փոքր Հայաստանում սա շատ գռեհկության աստիճանի ցավոտ է ստացվում։

Բայց արդյո՞ք մենք հոտ ենք, թե՞ կարող ենք լինել նորմալ հասարակություն, և արդյո՞ք հասարակական մթնոլորտը միայն իշխանությունը պիտի ձևավորի։

Երբ մենք վերջապես ձևավորենք ազդեցիկ հանրային միավորներ, կկարողանանք ազդել նաև հանրային ընկալումների վրա՝ կանգնեցնելով դեգրադացիոն պրոցեսները։

Իսկ այս պահին ունենք միայն մեծ ռեսուրսներով իշխանություն՝ կյանքի մասին իր գռեհիկ պատկերացումներով, և դրան ի հակակշիռ՝ մի քանի հարյուր անհատների, որոնց ձայնը, սակայն, բացառապես անհատական է։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ