22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Այս պրոցեսին ներգրավված անձանց հորդորում ենք գործիք չդառնալ այլ մարդկանց ձեռքում, քանի որ գործիքները սովորություն ունեն դեն շպրտվելու օգտագործվելուց հետո»․ Վաչագան Ղազարյանի պաշտպանական թիմ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ գլխավոր դատախազությունն իր կայքէջում հաղորդագրություն է տարածել այն մասին, որ hսկող դատախազը քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վ.Ղ.-ի, վերջինիս կնոջ և նրանց պատկանող «Յանս» համալիրի տնօրենի նկատմամբ։ Այս հաղորդագրությանն անմիջապես հաջորդեց ՀՀ դատախազության և Հանրային հեռուստաընկերության օպերատիվ համագործակցության արդյունքում պատրաստված մի ռեպորտաժ, որը ոչ թե տեղեկատվական նյութ էր, այլ «սարսափ» ժանրի ներկայացում՝ անչափահաս երեխայի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու սպառնալիք, երեխայի փախուստ արտասահման և այլն։

Հաշվի առնելով, որ քննարկվող դեպքի, դրա մանրամասների և իրողության մասին բոլորը, հատկապես՝ իրավապահ մարմինները, քաջատեղյակ են, քանի որ դեպքը նրանց ուշադրության կենտրոնում է հայտնվել դեռևս 2017 թվականին, ավելորդ ենք համարում կրկին նշելը, որ ներկայացված մեղադրանքը, հրապարակումն ու ռեպորտաժն իրականության հետ որևէ աղերս չունեն։

Հանրության համար միայն հայտնում ենք, որ ենթադրյալ «տուժող» Ս.Ա.-ն քննարկման առարկա հանդիսացող գումարը ընկերությանն է վերադարձրել ոչ թե այն ժամանակ, երբ նրա անչափահաս երեխային «սպառնացել» են, այլ միայն այն ժամանակ, երբ նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի տասնյակ միլիոն դրամ գումար յուրացնելու համար և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ընդ որում, «տուժողը» այդ գումարը վերադարձրել է բացառապես ընկերությանը, որի վերաբերյալ տրվել է ստացական, որում հստակ նշված է եղել, որ գումարը տրվում է որպես հանցագործությամբ պատճառված վնասի փոխհատուցում։

Բացի դրանից, եթե հանրությունը ցանկանում է օբյեկտիվ տեղեկություն ստանալ դեպքի մասին և «տուժողի» իրական մտադրությունների մասին, ապա առաջարկում ենք ծանոթանալ թիվ ԵԴ/51028/02/21 քաղաքացիական գործի նյութերին (տես՝ այստեղ․)։

Միևնույն ժամանակ դատախազությանն առաջարկում ենք հրապարակել յուրացման գործով այն տվյալները, որոնցով հերքվում են շորթման մասին պնդումներն ու հաստատվում են հանցագործությամբ պատճառված վնասի ինքնակամ վերականգնման փաստը։

Դատախազությանն առաջարկում ենք հայտնել նաև, թե ինչու է դեռևս 2021 թվականին հաստատել այս նույն դեպքով կայացված քրեական գործով վարույթն արդարացնող հիմքով կարճելու մասին որոշման օրինականությունը։

Ամեն դեպքում այս պրոցեսին ներգրավված մյուս անձանց հորդորում ենք գործիք չդառնալ այլ մարդկանց ձեռքում, քանի որ գործիքները սովորություն ունեն դեն շպրտվելու օգտագործվելուց հետո։

Անընդունելի ենք համարում նաև այս գործով ՀՀ 3-րդ նախագահի անհարկի շահարկումը և դատախազությանը հիշնեցնում ենք, որ Վաչագան Ղազարյանը զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ ՊՊԾ պետի 1-ին տեղակալի պաշտոնը, իսկ ՀՀ օրենսդրությունը «նախագահի անվտանգության պետ» հաստիք կամ հասկացություն չի նախատեսում։

Վաչագան Ղազարյանի պաշտպանական թիմ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ