26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Լելե Թեփե» օպերացիայի առեղծվածը. 168 Ժամ

News.am-ի հետ զրույցում ՊԲ նախկին հրամանատար, 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը հերթական անգամ նշել է, որ ինքը Քյանդ-Հորադիզ օպերացիայի հետ առնչություն ունի, և, որ մամուլից հայտնի, այսպես ասած, «Լելե Թեփե» անվանումը ստացած գործողության հետ ինքը որևէ կապ չունի:
Գիտեմ, որ Լելե Թեփեի ուղղությամբ առանձին օպերացիա է եղել. դա Արցախի միավորի տակ չի մտնում

«Ես Լելե Թեփե չգիտեմ, տեղյակ չեմ, անկեղծ: Իսկ ով որ ասում է՝ դրա պլանը ես եմ կազմել, գլուխը պատին է խփում: Կան մարդիկ, որ շատ հեռու են բանակից, բայց գեներալների ուսադիրներով են, թող իրենք քիչ խոսեն, որովհետև ինչքան խոսում են, էնքան ապացուցում են, որ իրանք ապուշ են: Այն, ինչից ես եմ տեղյակ, դա ես ասել եմ՝ գյուղ Հորադիզ, Քյանդ-Հորադիզ է գրվում քարտեզի վրա, էդ ուղղությունն է: Իսկ Լելե Թեփեն էդտեղից 10 կմ թիկունք է, հիմա եթե դուք դա համարում եք Լելե Թեփե, ես չեմ համարում: Գիտեմ, որ Լելե Թեփեի ուղղությամբ առանձին օպերացիա է եղել, իսկ որը որ առանձին օպերացիա է եղել, դա Արցախի միավորի տակ չի մտնում, դրա համար ես դրա մասին մեկնաբանություններ չեմ անում»,- շեշտել է Սամվել Բաբայանը և հավելել, որ իր ասած օպերացիայի հետ կապված խոսակցությանը, քննարկմանը ներկա է եղել Նիկոլ Փաշինյանը, բայց համաձայնությունը եղել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի (ԳՇ) հետ:

«Շտաբի պետն է որոշումը կայացնում պատերազմի ժամանակ»,- ընդգծել է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
Նշենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ուժի մեջ եղած «Պաշտպանության մասին» օրենքով պատերազմական իրադրության ժամանակ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը ենթակա էր զինված ուժերի գերագույն հրամանատարին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Իսկ առաջին անգամ Քյանդ-Հորադիզ օպերացիայի մասին Սամվել Բաբայանը, ըստ էության, խոսել էր մոտ մեկ տարի առաջ՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում:
«Օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել։ Ամսի (հոկտեմբերի,- խմբ․) 5-6-ը, երբ հակառակորդի մի թևը արդեն Ջաբրայիլի բերանում է, մյուս թևը Հադրութի Բանաձոր գյուղն է վերցրել, երրորդ թևը գնում է դեպի Խոդաֆերին, պարոն Փաշինյանը կապվում է Օնիկ Գասպարյանի հետ, որ այստեղի գեներալները նման բան են ասում։ Խոսակցության ընթացքում ես միջամտում եմ, ասում եմ՝ եթե դուք կարողանում եք այդ տարածքում պաշտպանություն կազմակերպել, մենք կարող ենք չանել, բայց եթե չենք կարող, միակը մնում է այդ քայլը։ Մարդը ասում է, որ չի լինում, մենք չունենք ռեսուրսներ, որ կանգնեցնենք հակառակորդին այդ երեք ուղղություններով, այսինքն՝ մնում է Հորադիզը, Լելե Թեփեն 9-10 կմ այդտեղից հեռու է։ Հորադիզից ուղիղ ճանապարհ է իջնում մինչև Արաքս գետ, եթե մենք չենք կարողանում այդ 12 կմ-ն փակել, ապա 100կմ ինչպե՞ս ենք պաշտպանություն ստեղծում։ Առաջարկը եղել է իմ կողմից, 1993 թվականին այդ տարածքները այդ կերպ ենք ազատագրել։ Ցավալին նա է, որ մասնակիցներից մեկն է դա ասում՝ ճանապարհը փակել ենք, օղակի մեջ ենք վերցրել, ով անցել է Իրանի կողմ, ով էլ զոհվել է։ Առաջարկ է եղել նույն կերպ գործել, ընդունել է և՛ Ջալալը, և՛ Օնիկը Գասպարյան, որ այո, դա է միակ ձևը»,- մանրամասնել էր Սամվել Բաբայանը:
Ինձ Արցախից հանելու պատճառը եղել է հենց այդ օպերացիայի պլանավորումը

Հիշեցնենք, որ մոտ 1 տարի առաջ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարցին՝ մամուլում տեղեկություններ կան, թե Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ամեն գնով վերադարձնել Ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած տարածքները, պատասխանել էր, որ այդ օպերացիայի կատարման ընթացքում այնտեղ չի եղել, և հավելել.

«Դրա մասին հայտարարել է Սամվել Բաբայանը, լրատվամիջոցներում դա հայտնի է՝ որպես «Լալա Լագիի (Լելե Թեփե) օպերացիա»: Կոնկրետ այդ օպերացիայի ժամանակ ես այնտեղ չեմ եղել, այսքան ժամանակվա իմ վերլուծությունը ցույց է տալիս, որ ինձ Արցախից հանելու պատճառը եղել է հենց այդ օպերացիայի պլանավորումը: Այդպիսի մի քանի օպերացիաներ փորձել են պլանավորել, ես կանխել եմ, այդպիսի մի քանի «ավանտյուրա» փորձել են իրականացնել, ես գտել եմ ոչ նպատակահարմար, և հրամանատարությունը լսել է ինձ, և ինձ Արցախից հանելուց ընդամենը մեկ օր հետո այդ օպերացիան պլանավորվում է, և երկրի վարչապետը գնում է այնտեղ, բանավոր հաստատում է այդ պլանը, և սկսում են կիրառել, որի արդյունքում մենք կորցնում ենք մեր ամբողջ ռեզերվը, և բանակի հրամանատարությունը հարավային դարպասում այլևս հնարավորություն չի ունենում մխրճված հակառակորդին կանգնեցնելու: Սա իմ տեսակետն է»,- 44-օրյա պատերազմի ընթացում իրեն Արցախից հանելու և «Լալա Լագիի (Լելե Թեփե) օպերացիայի» մասին ասել է Մովսես Հակոբյանը:
Մովսես Հակոբյանը այդ ժամանակ փակագծեր չէր բացել ընդդիմացողների և չընդդիմացողների մասին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին պատերազմական երկու դրվագով մեղադրանք էր առաջադրվել:
Առաջին դրվագը վերաբերում է 2020թ. հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման հայտնի օպերացիային, երկրորդ դրվագը՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին դիվիզիոններից մեկում տեղի ունեցած, այսպես ասած՝ հակառակորդի հարձակման հետևանքով կորուստներին։

Վերջերս Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Ջալալ Հարությունյանը հակահարձակման մասին զեկուցել է Նիկոլ Փաշինյանին և հավանություն ստացել:
«Հակահարձակման օպերացիան, որը կատարվել է հոկտեմբերի 7-ին, եղել է մի գործողություն, որը մեր համապատասխան փաստաթղթերով նախատեսված գործողություն է եղել դեռևս տարիներ առաջ։ Մեր ռազմական ոլորտի փորձագետներն ունեցել են հաստատված փաստաթղթեր՝ ամենաբարձր մակարդակով, որի համաձայն՝ հակառակորդի կողմից հարավային հատվածում, այսինքն՝ Արաքսի ափով առաջխաղացում ունենալու դեպքում մեր քայլը պետք է լիներ հակահարձակումը։ Այսինքն, այս քայլը համապատասխան փաստաթղթերից բխած քայլ է եղել,- նշել էր Արսեն Սարդարյանը և հավելել,- Կոնկրետ Հորադիզ-Ջաբրայիլ մայրուղու ուղղությամբ հակահարված կազմակերպելուն է խոսքն ուղղված։ Այդ ուղղությամբ ունեցել ենք հետախուզական տվյալներ, որ ունենք առավելություն, և մեր ռեզերվային ուժերը, որոնք կարող են ներգրավվել այդ օպերացիային, մի քանի անգամ ավելի ուժեղ են, քան հակառակորդի ուժերը, որոնք այդ տարածքում տեղակայված են։ Պատահական չէ, որ այդ հակահարձակումն ունեցել է բավականին լավ արդյունքներ»:
Ջալալ Հարությունյանի փաստաբանի խոսքով, Հորադիզ-Ջաբրայիլ մայրուղում մեր ուժերը պետք է ամրանային և հակառակորդի սնուցումը կտրեին, բայց չեն ամրացել, և, որ հայկական զորքը գրոհելիս բաժանված է եղել երկու խմբի՝ աջակողմյան և ձախակողմյան:

«Լելե Թեփե» օպերացիա գոյություն չի՞ ունեցել
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, 168.am-ը փորձել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանից ճշտել՝ «Լելե Թեփե» և «Քյանդ-Հորադիզ» անվանումներով տարբեր օպերացիանե՞ր են եղել, տեղեկություններ ունե՞ք, ինչին Մովսես Հակոբյանն արձագանքեց՝ բոլոր հարցերը մեկնաբանել է, թեպետ Սամվել Բաբայանը Լելե Թեփեի ուղղությամբ առանձին օպերացիայի մասին նոր է խոսում:
– Այլևս կրկնելու ցանկություն չունեմ:
– Ձեր մեկնաբանությունները հիշում ենք: Բայց «Լելե Թեփե» առանձին օպերացիա եղե՞լ է:
– Ես այն ժամանակ էլ եմ ասել՝ նման օպերացիա չկա:
– Այսինքն, «Լելե Թեփե» օպերացիա գոյություն չի ունեցել:
– Այդպիսի օպերացիա չկա:
– Հոկտեմբերի 7-ի հակահարվածի համատեքստում խոսվում է նաև Առաջին կորպուսի մասին, առհասարակ, հարավային ուղղության հետ կապված, որ կորցրել ենք այդ զորամիավորումից, այսպես ասած, մնացած վերջին ուժերը: Իսկ այդ կորպուսի մարտունակությանը դեմ, ասում են, վաղուց է աշխատվել: Խոսակցություններ են եղել անգամ՝ Ձեր, Արտակ Դավթյանի ԳՇ պետ եղած ժամանակվանից:
– Ես այդ ամեն ինչը մեկնաբանել եմ և հիմա ցանկություն չունեմ:
– Ուզում ենք հասկանալ՝ երբվանի՞ց է սկսել այդ կորպուսի՝ ոչ մարտունակ դարձնելու գործընթացը, դադարել լինել ոչ այնքան մարտունակ:
– Բացեք 2020-ի հարցազրույցներս, այնտեղ բոլոր հարցերի պատասխանները կան:
– Ուզում ենք հասկանալ՝ ո՞ր ժամանակվանից վերը նշված գործողությունները սկսվեցին:
– Ես չգիտեմ:
– Որ ժամանակվանի՞ց է սկսվել, պարոն գեներալ:
– Չգիտեմ:
– Գլխավոր շտաբի պետ եք եղել, ասում են՝ իբր այդ ժամանակվանից սկսած…

Մեր հարցերը հունից հանեցին Մովսես Հակոբյանին, և նա անջատեց հեռախոսը, ըստ էության՝ ոչ հերքվեցին, ոչ հաստատվեցին:
Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Ասրյանի հայրը՝ ՊԲ պահեստազորի սպա Արմեն Ասրյանը, նշել էր.
«Այդ հակահարվածը ի սկզբանե դատապարտված է եղել այդպիսի արդյունքների, իզուր չէ, որ տարիներ շարունակ մշակված կանոնադրություններով կետեր են նախատեսվել՝ ինչ պայմաններ պիտի բավարարվեն հակահարձակման համար: Ասում է՝ կար նախկինում հակահարձակման պլան՝ ուժերի 1:4,5 հարաբերակցությամբ: Այո, կար նման պլան, բայց դա չպետք է կատարվեր ՊԲ ուժերով, այլ առաջին կորպուսի կողմից պիտի իրականացվեր: Բայց այդ կորպուսը պատերազմի արդեն երկրորդ օրը բավականին կորուստներ էր կրել, նվազել էր մարտունակությունը»:
Ըստ ՊԲ պահեստազորի սպայի՝ կատարվել է հապճեպ պլանավորում, բավարար կերպով կազմակերպված չի եղել, մինչդեռ տարբեր զորամասերի միջև փոխգործողություն ապահովելը հենց Ջալալ Հարությունյանի պարտավորությունների մեջ է մտնում:

Ավելին, ըստ Արմեն Ասրյանի, օպերացիան նախատեսված ժամանակից ուշ է սկսվել, ինչը ևս հուշում է՝ հակահարվածին պատրաստ չէին, ավելին, ուժերը բավարար չեն եղել այդ օպերացիայի համար ի սկզբանե:
«Ջրականը գտնվում էր հակառակորդի ձեռքի տակ, Արա լեռը՝ հրետանային զորամասը, գտնվում էր հակառակորդի ձեռքի տակ, և այնտեղ հակառակորդի ռեզերվներ կային: Ընդ որում, Ջրականից արդեն հակառակորդը ոտքով և որոշ տեխնիկաներով բարձրանում էր դեպի Առաքել գյուղը, այնտեղից՝ Բանաձոր, Բանաձորից էլ՝ Հադրութի թիկունքային կողմից… Եվ հրամանատարի ունակությունը հենց նրանում է, որ ճիշտ գնահատի հակառակորդի հավանական գործողությունների բնույթը»,- շեշտել էր զոհված զինծառայողի հայրը՝ հավելելով, որ արդեն հոկտեմբերի 6-ին կար տեղեկություն, որ հակառակորդը բարձրանում է դեպի Առաքել գյուղ:
Ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ Ջալալ Հարությունյանի փաստաբանի կողմից «Կուր-Արասք սահմանագծին հասնելու նախկինների պլանները հիշելու ժամանակ մոռացվում է այն, որ այս դեպքում լուրջ դերակատարում պիտի ունենար առաջին բանակային կորպուսը, որը մինչև պատերազմն արդեն դադարել էր լինել մարտունակ ստորաբաժանում, իսկ պատերազմի առաջին օրերին դրա մնացորդներն էլ, ըստ էության, ջախջախվեցին: Ավելին, այդ ուղղությամբ նախկինում եղած 3 զորամասից մնացել էր մեկը»:

Ի դեպ, 2021թ. ապրիլին Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված ՀՀ արտակարգ իրավիճակների արդեն նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանն անդրադարձել էր Արցախի Վարազաթումբ (Լելե Թեփե) բարձունքի գրավման օպերացիային և իր անվան շուրջ տարածվող լուրերին:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք վերջինս Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում մասնակցե՞լ է բարձունքի գրավման օպերացիայի մշակման գործընթացին, Փիլոյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Վարազաթմբի հետ ինքը կապ ունի այնքանով, որ 1996-1997 թթ. այդ տարածքում եղել է գումարտակի հրամանատար:
«Որպեսզի մարդկանց մոտ թյուր կարծիք չառաջանա, կասեմ, որ այդ տարիներին Լելե Թեփեն եղել է իմ գումարտակի հրամանատարական դիտակետը: Խոսվում է նաև, որ 2020 թվականին տեղի ունեցած Արցախյան 44-օրյա պատերազմում այդ բարձունքում լինելով հարավային ճակատի հրամանատարը՝ հազարավոր զոհեր եմ տվել: Հարավային ճակատի հրամանատարը մինչև 2020թ. հոկտեմբերի 20-ը եղել է ԶՈՒ գլխավո շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը, ում վիրավորվելուց հետո, շտաբի պետի հրամանով ես եմ ստանձնել հրամանատարությունը: Անգամ, եթե ես լինեի Լելե Թեփե օպերացիայի մասնակից, ապա ոչ մի առումով կապ չպետք է ունենայի, քանի որ որպես զինվորական՝ կատարել եմ ինձ տրված հրամանները: Կարծում եմ, որ վատ չեմ կատարել»,- նշել էր Փիլոյանը:
Լելե Թեփե բարձունքի գրավման օպերացիայի մշակմանը և որոշում կայացնելուն Նիկոլ Փաշինյանի մասնակցության վերաբերյալ 2021թ. ապրիլի 14-ին Ազգային ժողովում նրան հարց էր ուղղել պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որին

Փաշինյանն այսպես էր արձագանքել.
«Այդ օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկն ընդունելի է համարել գեներալ, այդ առաջարկը կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ և որոշումը կայացրել են այնպիսի գեներալներ, որոնք այդ պահին այդ որոշումն իրականացնելու հնարավորությունն ունեցել են: Ես մոդերացիա եմ արել խոսակցությունը և սեփական կարծիք ընդհանրապես չեմ հայտնել: Ամենաբարձրաստիճանին եմ հարցրել, ասել է, որ լավ միտք է, որից հետո գնահատել է իրադրությունը և զեկուցել է, որ, այո, դա պետք է և կարելի է անել»:
Այնպես որ, Լելե Թեփե բարձունքի գրավման օպերացիայի հարցը դեռ փակված չէ, և Սամվել Բաբայանի, Մովսես Հակոբյանի, Փաշինյանի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում «ՀՀ Ազգային հերոսի» կոչում ստացած Անդրանիկ Փիլոյանի, Նիկոլ Փաշինյանի՝ այդ կապակցությամբ հնչեցրած մտքերը նոր հարցեր են առաջացնում: Առավել ևս, որ դրա արդյունքում ունեցել ենք զոհեր, որոնց թիվը դարձյալ հակասական է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ