Տիգրան Ավինյանը՝ իր նկատելի ակտիվության և ամենուր լինելու մասին
«Ես Երևանի փոխքաղաքապետ եմ, ով համակարգում և վերահսկում է վարչական շրջանների, ղեկավարների աշխատանքը, և նման համակարգման գործառույթ նախկինում Երևանի փոխքաղաքապետները չեն ունեցել: Դա է պատճառը, որ իրականացնում եմ շրջայցեր վարչական շրջանների ղեկավարների հետ և կարծում եմ՝ շատ տրամաբանական է, որովհետև աշխատանքն իրականացնելու համար պետք է փաստացի տեղում ծանոթանալ խնդիրներին, որովհետև այլ որակի և այլ տեսակի ինֆորմացիա ես ստանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով իր՝ չհայտարարված քարոզարշավ սկսելու խոսակցություններին:
Նա նշեց, որ այդ շրջայցերի, վթարային շենքերի բնակիչների հետ հանդիպման արդյունքում Արզումանյան 10 և 17 շենքերի բնակիչների հարցի լուծման նախագիծն առաջին փուլով ընդունեց կառավարությունը:
Դիտարկմանը, թե՝ ամեն տեղ Դուք եք՝ քաղաքապետին լիազորություն են տալիս՝ Դուք եք, Կառավարության նիստին Դուք եք, Փաշինյանի հետ ծառ տնկելիս՝ Դուք եք, ինչո՞վ է պայմանավորված այդ ակտիվությունը, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Դա պայմանավորված է իմ աշխատանքով: Փոխվարչապետի գործառույթներն այլ տեսակի են, և եթե հիշում եք՝ եղել եմ պարետ և շատ երկար ժամանակ շփվել եմ քաղաքացիների հետ՝ գրեթե ամենօրյա ռեժիմով. ուղերձներով, sms-ներով և այլն»:
Հնչեցրած մի շարք հարցերին՝ ինչպե՞ս է գնահատում ընտրություններում իր շանսերը, և հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը նույնպես մասնակցի, իր շանսերն ինչպե՞ս կգնահատի, ծանր քարոզարշա՞վ կլինի, թե՞ իրեն հաղթած է համարում, Ավինյանն այսպես արձագանքեց. «Այս պահին ես կենտրոնացած եմ իմ աշխատանքների վրա, ընտրություններին դեռ շատ ժամանակ կա»։