Արգելափակեցին Արմեն Աշոտյանի ելքը Հայաստանից. 168.am
168.am-ը գրում է։
Քիչ առաջ օդանավակայանում պարզ է դարձել, որ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում (ՍԷԿՏ) ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի` Հայաստանից ելքն արգելված է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին, Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել էր, որ իշխանությունները ՀՀ Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանի ձեռքով որոշել են նորից անդրադառնալ չորս տարվա վաղեմության մի գործի, որի շրջանակներում տարբեր մարդկանց են հարցաքննել, որպեսզի իրեն կալանավորեն, սակայն ապարդյուն։
Իշխանությունները, բնականաբար, Նիկոլ Փաշինյանի ցուցումով, խնդիր են դրել` ցանկացած գնով հասնել ցանկալի արդյունքի, այն է՝ ինչ-որ մեկից ցուցմունք կորզել Արմեն Աշոտյանի դեմ, թեկուզև` գործին տասներորդական առնչություն ունեցող որևէ մեկից: Մինչ այդ էլ մամուլը գրել էր, որ ավելի քան 100 անձ է հարցաքննվել այդ գործով:
Այսօր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր. «Վաղ առավոտյան կարճ ժամանակով մեկնում եմ արտերկիր՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովին մասնակցելու»։
Արմեն Աշոտյանը րոպեներ առաջ ֆեյսուքյան իր էջում պատմել է օդանավակայանում տեղի ունեցածը.
«Ինչպես այսօր հայտնել էի, պիտի մեկնեմ Լիսաբոն ԵԺԿ Քաղաքական համաժողովին։
Սակայն Զվարթնոց օդանավակայանում անձնագրային ստուգման փուլում ինձ արգելում են լքել Հայաստանը մի անհեթեթ հիմքով, թե իբր ես մեղադրյալ եմ ինչ-որ մի գործով։
Աբսուրդն էլ ավելի է խորանում, քանզի մինչ այս պահը ինձ ոչ մի մեղադդանք և ոչ մի գործով չի առաջադրվել։
Բայց սա էլ Նիկոլի ղեկավարած երկրի իրավապահ համակարգի կամակատարության վերջը չի։
Ինձ փոխանցել են ինչ-որ մի հեռախոսահամար, որը քննիչի է ու որի հետ, ուշադիր, ես ինքս իբր պիտի առավոտ կապվեմ։
Հիմա փաստաբանս փորձում է կապ հաստատել թե ՄԻՊ գրասենյակի (ֆորմալ է, հասկանում եմ), թե քննիչի հետ։
Հ.Գ. Ավելորդ է ասել, թե ինչի մասին պիտի լիներ իմ այցը, իմ ելույթները և իմ համդիպումները։
Սրիկայաբարո տականքի ղեկավարած իրավապահ խամաճիկներ»,-գրել է նա։