26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Համահայկական հռչակագիրը բացահայտում է

Անցյալ շաբաթ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախագահները Սփյուռքի խոշոր կազմակերպությունների ղեկավարների հետ միասին հանդես եկան համատեղ աննախադեպ հռչակագրով՝ հայտարարելով Թուրքիայից «իրավական պահանջների» համապարփակ թղթածրարի մշակման մասին՝ “անհատական, համայնքային և համազգային իրավունքները ու օրինական շահերը” վերականգնելու համար:

 Հռչակագիրը չի ներկայացնում հայկական պահանջների մանրամասները, քանի որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած իրավական խումբը վերջնական տեսքի է բերում Թուրքիայի դեմ հայկական պահանջների մանրակրկիտ վերլուծությունը: 

 Հունվարի 29-ի հռչակագիրը միաձայնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ժամանակ, ամբողջ աշխարհի ավելի քան 50 տարածաշրջանային Հարյուրամյակի հանձնախմբերի մասնակցությամբ: Ավելի ուշ այդ գիշեր, նախագահ Սերժ Սարգսյանն ընթերցեց հռչակագրի ամբողջական տեքստը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում զոհերի հիշատակին ծաղկեպսակ դնելու արարողության ժամանակ:

 

Երբ Արամ Ա կաթողիկոսը հետաքրքրվեց, թե արդյոք հռչակագիրը կդառնա Հայաստանի Հանրապետության պաշտոնական քաղաքականությունը, ի պատասխան՝ նախագահ Սարգսյանը վստահեցրեց, որ ընդունված փաստաթուղթը առաջնորդող կլինի ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում, այլև դրանով կառաջնորդվեն բոլոր պետական պաշտոնյաները:

Ահա կարևոր դրույթներ համահայկական հռչակագրից.

– Դատապարտելով 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու քաջալերանք,

– համարելով 1919-1921 թվականներին Օսմանյան ռազմական արտակարգ ատյանների կողմից “Իրավական և մարդկային օրենքների դեմ” այդ ծանր ոճիրի ուղղությամբ կայացված դատավճիռները եղելության իրավական գնահատական,

– արժևորելով 1915 թվականին միջազգային հանրության կողմից Անտանտի պետությունների մայիսի 24-ի համատեղ հռչակագրով հայ ժողովրդի դեմ իրականացված ծանրագույն հանցագործությունը պատմության մեջ առաջին անգամ որպես “մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն” որակումը և օսմանյան իշխանություններին պատասխանատվության կանչելու հանգամանքի շեշտադրումը, ինչպես նաև 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի և 1920 թվականի նոյեմբերի 22-ի` ԱՄՆ-ի Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը և նշանակությունը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում.

– Վերահաստատում է Հայաստանի և հայ ժողովրդի հանձնառությունը՝ շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման համար:

– Շնորհակալություն է հայտնում այն պետություններին, միջազգային, կրոնական և հասարակական կազմակերպություններին, որոնք քաղաքական խիզախություն ունեցան ճանաչելու և դատապարտելու Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված սոսկալի ոճրագործություն, և այսօր էլ շարունակում են այդ ուղղությամբ իրավական քայլեր ձեռնարկել, նաև կանխել ժխտողականության վտանգավոր դրսևորումները:

– Դիմում է ՄԱԿ-ի անդամ պետություններին, միջազգային կազմակերպություններին, բարի կամքի տեր բոլոր մարդկանց՝ անկախ ազգային և կրոնական պատկանելությունից, միավորել իրենց ջանքերը պատմական արդարությունը վերականգնելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար:

– Արտահայտում է Հայաստանի և հայ ժողովրդի միասնական կամքը` Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու և ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ:

– Դատապարտում է Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության ապօրինի շրջափակումը, միջազգային հարթակներում ցուցաբերվող հակահայկական կեցվածքը և միջպետական հարաբերությունների կարգավորման համար նախապայմանների առաջադրումը՝ դրանք գնահատելով որպես Հայոց ցեղասպանության, Մեծ Եղեռնի մինչ օրս անպատիժ մնալու հետևանք:

– Կոչ է անում Թուրքիայի Հանրապետությանը՝ ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և մարդկության դեմ իրագործված այդ սոսկալի ոճիրի զոհերի հիշատակը ոգեկոչելու միջոցով առերեսվել սեփական պատմության ու հիշողության հետ՝ հրաժարվելով կեղծարարության, անհերքելի իրողության ժխտման և հարաբերականացման քաղաքականությունից:

– Հույս է հայտնում, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարևոր մեկնակետ կդառնան հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման գործընթացի համար:

– Դիտարկում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը որպես կարևոր հանգրվան պատմական արդարության համար մղվող պայքարը «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով շարունակելու գործընթացում:

 Հատկանշական է, որ համահայկական հռչակագիրը հակահարված է տալիս թուրքական մշտական կեղծարարությանը, թե Թուրքիայի դեմ պահանջներն առաջ են քաշվում ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլև Սփյուռքի կողմից: Միաձայն ընդունված հռչակագիրը հստակորեն արտացոլում է, որ համայն հայությունը, ինչպես Հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում, անդրդվելիորեն հետապնդում է իր արդարացի պահանջները Թուրքիայի Հանրապետությունից:

Հարութ Սասունյան       

“Կալիֆորնիա Կուրիեր” թերթի հրատարակիչ և խմբագիր

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ