Ում մահն է գուժում նոր քաղաքացիական պայմանագիրը. 168 Ժամ
Նիկոլ Փաշինյանը ֆորմալ և ոչ ֆորմալ ձևաչափերով հասարակությանն առաջարկում է քաղաքացիական պայմանագիր, ոչ այն խմբակույտը, որը հանդիսանում է իշխանության ձևական հենարանը։ Նրա նոր քաղաքացիական պայմանագրի հիմքում ընկած է Հայաստանի՝ որպես պետության ու պետականության, թաղումը՝ բառի ինչպես ուղիղ, այնպես էլ՝ փոխաբերական իմաստներով։
Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի կինը հրապարակավ առաջարկում է թաղել պետության հետ ունեցած բոլոր հարաբերությունները, այսինքն՝ փաստացի Հայաստանի անցյալը, իսկ երկու օր անց ամուսինն արդեն համագումարում հողին է հավասարեցնում նորանկախ Հայաստանի երեսնամյա պատմությունը՝ հայտարարելով, թե ձևավորման առաջին իսկ օրից բոլորը ամեն ինչ արել են ընդդեմ Հայաստանի անկախության։
Նա, իհարկե, խորամանկորեն չի ասում, որ Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանն ամենամեծ հարվածը հասցրել է ինքը, հասցրել է բազմապատիկ ավելի մեծ ու անդառնալի հարված, քան իրեն նախորդած բոլոր իշխանությունները՝ միասին վերցրած։
Նիկոլ Փաշինյանն այդ մասին չի խոսում, այլ հայտարարում է պետության ինչ-որ նոր տեսության թե տեսլականի մասին։ Մոդայիկ ձևակերպումների հիմքում ընկած է պրիմիտիվ, էժանագին պոպուլիզմ, որից էլ բխում է քաղաքացիական պայմանագրի նրա առաջարկը․ զրոյին հավասարեցնել իրենից առաջ եղած ամեն ինչ և կառուցել նոր պետություն։ Սրա հիմքում էլ պարզագույն խորամանկություն է։ Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հիմնահատակ ավերել է այն, ինչը դրված էր նորանկախ Հայաստանի կերտման ակունքներում. առաջին հերթին՝ Արցախի հարցը և Արցախի անվտանգությունը երաշխավորող հայկական պետականությունը։ Նրա թեթև ձեռքով Արցախի մեծ մասն այլևս չկա, մնացած հատվածը հանձնվել է ռուսներին, իսկ Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստան՝ որպես այդպիսին, գոյություն չունի։ Եվ ահա, պատասխանատվություն կրելով ըստ էության դարի հանցագործության, Արցախի հանձնումի ու հազարավոր զոհերի համար, Նիկոլ Փաշինյանն առաջարկում է վերացնել այն գաղափարական, արժեքային հիմնասյուները, որոնցից բխում է իր իսկ հանցագործությունը։
Սա մոտավորապես նման է իրավիճակին, երբ մեկը մարդ սպանի ու դրանից հետո առաջարկի ոչնչացնել սպանությունը որպես հանցագործություն սահմանող Քրեական օրենսգիրքը՝ զուգահեռաբար առաջարկելով ընդունել «նոր Քրեական օրենսգիրք»։ Նիկոլ Փաշինյանի գործողությունների բոլոր ենթատեքստային ուղերձները սպասարկում են հենց այդ նպատակին՝ ջնջելու անցյալից այն, ինչի լույսի ներքո իր գործողություններն ավելին են, քան դավաճանությունը։
Մեծ հաշվով, հենց այս պայմանագիրն է առաջարկում Նիկոլ Փաշինյանը հանրությանը՝ ջնջել անցյալը։ Ընդ որում, լավ ճանաչելով հասարակության որակները և նրա վրա ներազդելու միջոցները, Նիկոլ Փաշինյանը, սովորության հանգույն, այս առաջարկը համեմում է գայթակղությամբ։ Նա առաջարկում է թաղել անցյալի Հայաստանը, բայց թաղումից հետո զբաղվել «գանձերի որոնմամբ»՝ անցյալից վերադարձնելով «թալանվածը»։
Երկրում բովանդակային ու կենսունակ ընդդիմության բացակայության պատճառով, հանրությունը կարող է հեշտորեն կուլ տալ այս խայծը, ինչպես վարվել է փաշինյանական մյուս խոստումների դեպքում։
Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ջնջել անցյալը՝ ներկայի ու ապագայի իր մեղքը մաքրելու ճղճիմ նպատակով։ Նրան մեծ հաշվով չի հուզում, որ այդ ճանապարհին փաստացի կարող է մաքրել ոչ միայն սեփական մեղքը, այլ Հայաստանը՝ երկրի երեսից։ Եվ եթե առաջինն անհնար է՝ մեղքի վաղեմություն չունենալու ու երբևէ բացահայտվելու հատկանիշի բերումով, ապա երկրորդը՝ Հայաստանի ոչնչացումը, այսօր դարձել է առավել քան հնարավոր։
Հարություն Ավետիսյան