20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Չկա ավելի մեծ չարիք ժողովրդի համար, քան կեղծ հերոսությունը

Ռ.Մուրադյանի փետրվարի 2-ի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Չկա ավելի մեծ չարիք, ավելի մեծ աղետ ժողովրդի համար և հատկապես, մեր նման փոքր ազգի համար, քան կեղծ հերոսությունը: Ակնհայտ է, որ վերջերս մեր հասարակություն ներթափանցել են կեղծ արժեքներ, հայտնվել են կեղծ հերոսներ և հայրենասերներ, ովքեր մեր պետության համար դժվարին ու վճռական պահերն օգտագործում են հանդես գալու իբրև հայրենասիրության շոումեններ: Այլ կերպ չենք կարող անվանել Արցախի իշխանությունների հորդորներն արհամարհող դեպի Արցախ ավտոերթի կազմակերպիչներին: Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ցանկացած ոչ մտածված գործողություն, հայրենասիրության շահարկումն ու ոչ ճիշտ քարոզչությունը նպաստում են Ադրբեջանին անելու ամեն ինչ ապակայունացնելու իրավիճակը հակամարտության գոտում և մեծացնելու լարվածությունը շփման գծում:Հակադրվելով միջազգային հանրությանը և արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը՝ ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, շփման գծում միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման, վստահության ամրապդման միջոցների կիրառման վերաբերյալ,  Բաքուն գործում է դրանց հակառակ՝ կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը: 

Մենք ապրում ենք փոփոխությունների ժամանակաշրջանում, փոխվում է աշխարհը, փոխվում ենք մենք, փոխվում է ամեն ինչ, բայց կան արժեքներ, որոնք մնայուն են՝ հայրենասիրություն, ազգասիրություն, հերոսություն, պետականություն, պետական խորհրդանիշեր…

 Կեղծ հերոսներն այսօր չեն ընդունում իրական հերոսներին,  ովքեր ժամանակին իրենց կյանքը վտանգելով՝ կռվել են հանուն հայրենիքի, հանուն արդարության, հանուն ապագայի և հայոց բանակի, այն ժամանակ, երբ կեղծ հայրենասերները տաքուկ անկյուններում հաշվենկատ ու հատվածական հայրենասիրություն են ցուցաբերել, հիմա էլ ի հայտ են եկել ու արդարություն են պահանջում:Ի՞նչ բարոյական իրավունքով, արդարության ո՞ր սկզբունքով …

Սթափվեք, արդարության պահանջը պետք է ճիշտ հասցեատեր ունենա, արդարությունը պետք է պահանջել ոչ թե արդարության համար մարտնչողներից, այլ արմատախիլ անելով ներքին պառակտման ախտը՝ պետք է համախմբվել և մեր միասնական ուժերը ներքին ճակատից տեղափոխել և կենտրոնացնել արտաքին թշնամու դեմ պայքարում:Արդարության պահանջով  կանգնենք մեր զինվորի կողքին և մեր գործողություններով նպաստենք, որ մեր բանակը իրեն էլ ավելի ամուր զգա: Մեր միասնականությունն է ամենահզոր ուժը, որը կստիպի  հայ զինվորի անկոտրում ոգով ու խիզախությամբ արդեն իսկ վախեցած թշնամու նահանջն ապահովել:  

Մենք այնքան ուժեղ էինք, որ կարողացանք վերապրել Մեծ Եղեռնը, և ոչ պակաս ուժ ունենք, որպեսզի պահանջենք արդարություն: Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ աշխարհի ուշադրությունն ուղղենք հայերի դեմ իրագործված զանգվածային հանցագործության փաստի ընդունման վրա և միասնական պահանջատեր լինենք, որպեսզի Թուրքիան առերեսվի իր պատմությա­ն հետ և վերարժևորի իր մոտե­ցումները Հայոց ցեղասպանության հանդեպ։ Ցանկացած ողջախոհ մարդու համար Էրդողանի որոշումը Ցեղասպանության օր հանդիսացող ապրիլի 24-ը հայտարարել Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակի օր՝ ցինիզմ է և անարգանք ոչ միայն 1,5 մլն ոճրագործության ենթարկված հայերի, այլ ողջ մարդկության համար:Այստեղ է, որ մենք պետք է համախմբվենք և միասնական տեր լինենք մեր արդարության պահանջին:

Ինչպես Նժդեհն է ասում՝ ժողովրդի մեջ ներքին փոթորիկներ ստեղծող մարդիկ հասարակության թշնամիներն են, և բարեկամները՝ իր ժողովրդի թշնամիների: Փառամոլության և եսասիրության թունոտ ախտով բռնված ժողովրդի ներկան տխուր է, ապագան՝ անհուսալի:Այդ ախտով վարակված ժողովուրդը միշտ էլ ներքուստ պառակտված է, միշտ պատրաստի որս իր գիշատիչ հարևանների համար: Ուրեմն սթափվենք … 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ