Ի դեմս Փերինչեքի` գործ ունենք Թուրքիայի հետ. թուրքագետ
Փերինչեքը միշտ էլ հայտնի է եղել իբրեւ սկանդալային ու իշխանություններին քաղաքական ծառայություն մատուցող անձ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Փերիչեքի դատավարությունից, ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նա նշել է, որ ի դեմս Փերինչեքի` մենք գործ ունենք Թուրքիայի հետ, նա խորհրդանշում է Թուրքիան, թուրքական իշխանությունների մարմնացումն է:
“Եթե ՄԻԵԴ-ն ինչ-որ կերպ արդարացնի Փերինչեքին, Հայոց ցեղասպանության հետ կապված ողջ գործընթացն ուղղակի կավարտվի: Եթե դատարանն արդարացնի Փերինչեքին, սա Թուրքիայի հաղթաթուղթը կդառնա, որով վերջ կդրվի Ցեղասպանության ընդունման գործընթացին: Իսկ այս դատարանը քաղաքականացված կառույց է և ճիշտ կլինի, եթե նրանից սպասենք ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշման»,- ասել է թուրքագետը:
Խոսելով Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված համահայկական հռչակագրից` բանախոսն ասել է, որ դրանով մեսիջ ուղարկվեց Թուրքիային, որպեսզի նա առերեսվի պատմության հետ:
Ռ. Մելքոնյանի խոսքով` հռչակագրում հստակ հղումներ են արված միջազգային իրավունքին, ինչպես նաեւ պատմագիտական, քաղաքագիտական աղբյուրներին:
Անդրադառնալով Էրդողանի կողմից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ապրիլի 24-ին Թուրքիա հրավիրելուն` բանախոսն ասել է, որ Դարդանելի ճակատամարտն ապրլի 24-ի հետ որևէ առնչություն չունի, քանի որ այն տեղի է ունեցել մարտի 8-ին:
“Թուրքական իշխանությունները գնալով ավելի ջղաձիգ են դառնում”,- ասել է թուրքագետը: