Իշխող ՔՊ-ում «ռազբորկաներ» են սկսվել. Հրապարակ
Իշխող ՔՊ-ում «հետընտրական ռազբորկաներ» են սկսվել։ Շաբաթ օրը, ինչպես հայտնի է, տեղի ունեցավ կուսակցության հերթական համագումարը, որի ընթացքում նաեւ նոր վարչություն ընտրվեց։ Ընտրությունների արդյունքները ՔՊ-ում ոմանց մոտ կասկածներ են հարուցել, մասնավորապես, որոշ ՔՊ-ականներ կասկած ունեն, որ հաշվարկը ճիշտ չի կատարվել, եւ իրենց օգտին տրված քվեները հաշվել են ուրիշների օգտին, որպեսզի Փաշինյանի ճաշակով վարչություն ձեւավորվի։
Երեկ ՔՊ մեր աղբյուրից տեղեկացանք, որ վերահաշվարկի դիմում է ներկայացվել վարչությանը, որով պահանջում են կրկին հաշվել ձայները։ Հիշեցնենք, որ վարչությունում առաջադրվելու ցանկություն էր հայտնել 48 անձ, վարչությունը կազմված է 15 հոգուց։ Համագումարին մասնակցած հազարի չափ ՔՊ-ականներից յուրաքանչյուրը քվեարկել է 15 հոգու համար, եւ վարչությունը կազմվել է 48 հոգուց ամենից շատ ձայներ ստացած 15 կուսակցականներից։ Քվեարկության արդյունքները պարզ դառնալուց հետո ներքին բուռն քննարկումներ են գնացել, սակայն դժգոհները տատանվում են, վախեցել են մինչեւ վերջ գնալու դեպքում կորցնել պատգամավորի մանդատը կամ պաշտոնը։
Ի վերջո, վերահաշվարկի դիմումը ներկայացվել է միայն ՔՊ-ական նախկին պատգամավոր, վարչության թեկնածու Ալեքսանդր Ավետիսյանի կողմից, սակայն, մեր աղբյուրի կարծիքով, «Ալիկը ոչ թե իր ձայների համար է պայքարում, այլ կարկառուն կուսակցականներից մեկի հորդորով է դիմել, որ իրականությունը ջրի երես հանի», տալիս են Արսեն Թորոսյանի անունը:
Կընդունի՞ արդյոք ՔՊ-ն կուսակցի դիմումը, եւ կլինի՞ վերահաշվարկ՝ անգամ կուսակցությունում են խիստ կասկածում։ Երեկ թերթին չհաջողվեց կապ հաստատել Ավետիսյանի հետ, սակայն այլ ՔՊ-ականներ թերթի հետ զրույցում խոստովանեցին դիմումի առկայության փաստը՝ խնդրելով անուններ չհրապարակել:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: