Հայաստանում չկա արդարադատություն: Աննա Վարդապետյանը պարտավոր է խոսել ««Հոկտեմբերի 27»-ի գործի մասին. Ժողովուրդ
2021 թվականի հունիսի 14-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր. ««Հոկտեմբերի 27»-ի գործի նախաքննությունը բացված է, եւ Ազգային անվտանգության ծառայությունը վարում է այդ քննությունը: Բայց նաեւ ձեր քվեարկությամբ կարող եք առանձնահատուկ պարտավորություն եւ պատասխանատվություն դնել մեր դատաիրավական մարմինների վրա՝ ասելով, որ այդ գործերը պետք է ամենայն խորությամբ քննվեն, եւ բոլոր հնարավոր միջոցները գործադրվեն այդ գործը բացահայտելու համար»: Ի վերջո, ընտրողները տվեցին այդ քվեն։
Այսօր 1999 թվականի «Հոկտեբերի 27»-ի պետական ահաբեկչության 23-րդ ողբերգական տարելիցն է, եւ չնայած 2018 թվականի հեղափոխությունից հետո քրեական գործը (այսուհետ՝ վարույթ) վերաբացվեց, սակայն 23 տարի անց գործը բացահայտված չէ:
Եվ այսպես, թերթին ուժային կառույցների իր լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ վերաբացումից հետո՝ անցած տարի, քրեական գործով հարցաքննվել է ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը: Բացի նրանից, հարցաքննվել են նաեւ նրա եղբայրը՝ Կարեն Հունանյանը, ոճրագործության մյուս մասնակիցներ Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը եւ ահաբեկչությանը զոհ դարձած ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը:
Ի՞նչ ունենք վերաբացումից հետո. թերթի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ, Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանը հայտնեց, որ քրեական գործի վերաբացումից հետո իրեն երկու անգամ ԱԱԾ-ում հարցաքննության են հրավիրել, որից հետո որեւէ այլ բան չի արվել, եւ գործը բացահայտված չէ. «Ոչինչ չի արվել, ես տեղյակ չեմ, ինձ հայտնի չէ՝ ինչ է արվել: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պարտավոր է խոսել այս մասին եւ պատասխանել իմ բաց նամակին։ Ինքը պարտավոր է, քանի որ այդ որոշումը, անկախ, թե ինչ-ինչ յանն է գրել, դա ՀՀ -ի գլխավոր դատախազի ստորագրությունն է, կնիքը, եւ վերջ»:
Տիկին Բախշյանի գնահատմամբ՝ մինչ «Հոկտեմբերի 27» -ը բացահայտելը Նիկոլ Փաշինյանը, լինելով «Մարտի 1»-ի տուժող, ինքը պետք է շահագրգիռ լիներ «Մարտի 1»-ի բացահայտմամբ. «Վերսկսենք «Մարտի 1»-ից. ինքը, լինելով իրադարձությունների կենտրոնում գտնվող մարդ, պետք է շահագրգիռ լիներ՝ մարտի մեկը բացեր. չբացվեց: Ինչի՞ մասին է սա ասում. Հայաստանում չկա արդարադատություն, եւ այդ նշանակում է՝ իշխանության ամենակարեւոր թեւը՝ արդարադատությունը, չի գործում, չհեղափոխությունից հետո էլ չկա, եւ այդտեղից բխում են մեր բոլոր դժբախտությունները։
«Մարտի 1»-ը պետք է բացահայտվեր, քանի որ դա շատ ավելի շատ ակնհայտ ու հեշտ էր, քան «Հոկտեմբերի 27»-ը, քանի որ «Հոկտեմբերի 27»-ի մեջ արտաքին խաղացողները շատ են: Մեղրիի միջանցքի մասին «Հոկտեմբերի 27»-ից առաջ խոսել են, եւ այսօր մենք այդ իրականության մեջ ենք, թե ինչպես են բացահայտ Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա պահանջում միջանցք, որին կատեգորիկ դեմ են եղել Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը, անվտանգության խորհրդի նիստի ժամանակ դուռը շրխկացրել, դուրս են եկել:
Ի՞նչ է նշանակում՝ երկու տարի փող տանք, բայց զենք չստանանք: Անձամբ ես իրեն ընտրել եմ որպես ժողովրդավարության տեսակետ ընկալող մարդու, բայց միշտ չէ, որ ինքը իր այդ սկզբունքներին հավատարիմ է մնացել»:
Այսպիսով, տիկին Բախշյանի խոսքով՝ բազմաթիվ հարցեր չունեն իրենց պատասխանները, եւ ամենակարեւորը՝ «Հոկտեմբերի 27»-ի իրական կազմակերպիչներն ու պատվիրատուները մինչ օրս բացահայտված չեն: «Ես կմեռնեմ, կգնամ, բայց այդ օրը չեմ տեսնի, որ բացահայտվի գործը»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: