28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Բանակի «կաշկանդված» լինելը ծանր հետեւանքներ է ունենալու». Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմը խմբավորել է վերջին շաբաթներին տարբեր լրատվամիջոցներից Դավիթ Տոնոյանին ուղղված հարցերը եւ ներկայացնում է պատասխանները:

Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի տարածք ներխուժած եւ դիրքավորված թշնամանական զորքերի հետքաշումը:

Երկօրյա ռազմական գործողությունների արդյունքում բավականին տարօրինակ իրավիճակ է ստեղծվել՝ երկկողմանի զոհերի եւ վիրավորների քանակը բավականին մեծ է, դիրքային փոփոխությունների պատկերը՝ մտահոգիչ:

Հակառակորդը հայտարարում է, որ իր նպատակին հասել է եւ արհամարհում է միջազգային բոլոր արձագանքները: Առերեւույթ ՀՀ զինված ուժերը «կաշկանդվածություն» են դրսեւորում, որը, կարծում եմ, քաղաքական որոշման արդյունք է: Նման «կաշկանդվածության» շարունակությունը ծանր հետեւանքներ է թողնելու զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի եւ, հետեւաբար, մարտունակության վրա:

Հարց է առաջանում՝ ո՞րն է այն «կարմիր գիծը», որի հատման պարագայում Զինված ուրեն այլեւս կաշկանդված չեն լինի: Արդյո՞ք քաղաքական իշխանությունը զինված ուժերի գործողությունները գնահատում է բավարար, թե՞ կարծում է, որ դրանք ունակ չեն նշված իրավիճակում պատշաճ գործելու, եւ ցանկացած հանդուգն գործողություն կարող է մեծաթիվ կորուստների պատճառ դառնալ:

Այս հարցադրումներին հրապարակային պատասխաններ չեն հնչել: ՀՀ սահմանների վտանգված լինելը չի չեզոքացվելու, ժողովրդական լեզվով ասած, «պլստալու», «արանքը ճղելու» կամ «Աստված կտա»-ի միջոցով: Զինված ուժերի ղեկավարությունը քաղաքական ղեկավարությունից պետք է պահանջի բանակին անհրաժեշտ միջոցների մատակարարում, իսկ կառավարությունն օր առաջ դա պետք է ապահովի՝ ցանկացած գնով: Կրկնում եմ՝ ցանկացած գնով. եւ՛ ուղիղ, եւ՛ փոխաբերական իմաստով:

Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ Նախիջեւանից ներխուժման վտանգ է տեսնում: Ի՞նչ կարող են անել զինվորականները եւ դիվանագետները այդ վտանգը չեզոքացնելու կամ մեղմելու համար:

Նախիջեւանի ուղղությունը նոր չէ, որ խնդրահարույց է: Ժամանակին բավականին միջոցներ ձեռնարկվել էին այդ ուղղությամբ ռազմական գործողությունների վտանգը չեզոքացնելու համար:

Մոտեցումս հետեւյալն է՝ Զինված ուժերի մարտունակությունը սեղմ ժամկետում պետք է կտրուկ բարձրացնել, որակական փոփոխություն ապահովել հակառակորդի նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի ժամանակակից ռազմական գործողություններ վարել ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով եւ ապահովել ՀՀ պարտավորությունը Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը եւ ինքնորոշվելու իրավունքը երաշխավորելու առումով:

Նենսի Փելոսիի այցից առաջ, դրա ընթացքում եւ դրանից հետո կարծիքներ հնչեցին, որ Հայաստանը պետք է փորձի ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցություն ծավալել Արեւմուտքի հետ: Որքանո՞վ եք իրատեսական համարում նման գաղափարները:

Նման համագործակցություն ծավալելու գաղափարը նոր չէ եւ լիովին իրատեսական է: Գործնական առումով ինձ հայտնի չէ, թե արդյո՞ք արեւմտյան երկրները 2020 թվականի նոյեմբերից հետո հանել են քաղաքական սահմանափակումները Հայաստանին եւ Ադրբեջանին սպառազինություններ մատակարարելու վերաբերյալ: Եթե այդ սահմանափակումները հանվել են, թուլացվել են կամ «անտեսվում են», ապա՝ ի գո՛րծ: ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը երբեք իրական խոչընդոտ չի եղել Արեւմուտքից ռազմական գնումներ կատարելու համար, դա արհեստածին միֆ է: Գործել են զուտ վերոհիշյալ սահմանափակումները:

Նշեմ նաեւ, որ զենքի եւ զինամթերքի գնումները լռություն են սիրում, այլ ոչ թե հրապարակախոսական ելույթներ։

Հայաստանի իշխանությունները հանդես են եկել ՀԱՊԿ-ի փաստացի անգործության հրապարակային քննադատությամբ: Ինչպե՞ս եք գնահատում դա:

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը, որպես Ադրբեջանին զսպող գործոն, դարձյալ միֆ է, որի փլուզման ականատեսն ենք հիմա: ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին հետապնդում է անվտանգության ապահովման այլ՝ բազմաշերտ նպատակներ, որոնց փոփոխություն ես չեմ տեսնում:

Անկախ ամեն ինչից, ՀԱՊԿ-ը որեւէ կերպ չի խոչընդոտում, որ ՀՀ Զինված ուժերը պաշտպանեն մեր սահմանները։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ