Գետի՛նը պետք է մտնեք. թուրք քաղաքագետը՝ ՀՀ նախագահին ուղղված հրավերի, Ալիեւի մասին.artsakhpress.am
Թուրք հայտնի քաղաքագետ, Radikal պարբերականի սյունակագիր Բասքըն Օրանը թերթի իր սյունակում քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Թուրքիա հրավիրելու համար:
“Գետի՛նը պետք է մտնեք: Լավ, այդ մարդկանց ցավերը չտեսնելու ենք տալիս, գոնե չծաղրենք: Էրդողանն այդ խայտառակության վրա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Ապրիլի 24-ին Չանաքքալե է հրավիրում”,- գրել է նա:
Նա հիշեցրել է, որ Չանաքքալեին (Գալիպոլի ճակատամարտ) նվիրված միջոցառումն ամեն տարի տեղի էր ունենում մարտի 18-ին:
“Այս տարի նախագահը Թուրքիայի արտաքին քաղաքականության ամենամեծ “գայթակղության քար” Ադրբեջանի բռնակալ Ալիեւին վերցնելու է ու միասին Չանաքքալե են գնալու: Եվ “Իթթիհաթ վե Թերաքքիի” մսագործների կողմից հայ քաղաքացիների հանդեպ տեղի ունեցած այդ սարսափելի ոճրագործությունը խորհրդանշող օրը՝ Ապրիլի 24-ն են “տոնելու”: Հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկն այսպես է գրում. “Սպանված մեկուկես միլիոն հայերի ուրվականների հետ են քայլելու”,- գրել է նա:
Հոդվածագիրը հիշեցրել է, որ անցյալ տարի Էրդողանն Ապրիլի 24-ից առաջ հրապարակած իր ցավակցական ուղերձում ասել էր. “20-րդ դարասկզբին կյանքից զրկված հայերի հոգիներին հանգստություն ենք մաղթում եւ ցավակցում ենք նրանց թոռներին”:
“Այժմ այդ խայտառակության վրա մի բան էլ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Ապրիլի 24-ին Չանաքքալե է հրավիրում: Ի՞նչ է դա նշանակում: Ինչ ամոթ է, ինչ մեղք է դա”,- եզրափակել է հոդվածագիրը:
Հիշեցնենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հրավիրել է Թուրքիա՝ մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին: Սերժ Սարգսյանն արձագանքել է նրա հրավերին՝ նշելով. “Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանն ստանալու”: