23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը ոչ ոք չի չեղարկել. ՀՀ ԱԳՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային մանդատ՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորմանը:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի նշանակման լուրին Բաքվի արձագանքը:

«Այդ մանդատը ոչ ոք չի չեղարկել»,- հավելեց Հունանյանը:

 

Օգոստոսի 25-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հայտնել էր, որ Ֆիլիպ Ռիքերը նշանակվել է Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն այդ լուրին արձագանքել էր անհեթեթ հայտարարությամբ, թե «․․․գրեթե չգործող Մինսկի խմբին վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման»։ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել էին նաև, թե «ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է»՝ հավելելով, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ԼՂ հարցի հետ կապելը «որևէ կերպով չի նպաստի այդ հարաբերությունների կարգավորմանը»։

ԱՄՆ պետդեպարտամենտն օգոստոսի 26-ին պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը: Գլոբալ հանրային կապերի գրասենյակի (Bureau of Global Public Affairs) փոխխոսնակ Վեդանթ Պանտելը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆիլիպ Ռիքերին «Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել՝ ընդգծելու ԱՄՆ-ի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում։ «Որպես երկիր՝ մենք հանձնառու ենք դյուրացնելու ուղիղ երկխոսությունը Ադրբեջանի և Հայաստանի հետ երկկողմ, բազմակողմ մակարդակներում, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ համագործակցության միջոցով՝ հասնելու երկու երկրների միջև համապարփակ խաղաղ կարգավորման»,- նշել է նա։

Պանտելը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ այսուհետ դեսպան Ռիքերը ներկայացնելու է ԱՄՆ-ն թե՛ Մինսկի խմբում, թե Ժնևի միջազգային բանակցություններում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ