25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Իշխանությանը պիտի հարցնել՝ ինչու են ժամանակից շուտ հանձնում Բերձորը, Աղավնոն, Սուսը. Սեյրան Օհանյան

Լրագրողներն այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հարց ուղղեցին՝  ի՞նչ կարծիք ունի ԱԱԾ առաջարկի վերաբերյալ, որ երեք տեղերում՝ Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերում, անցակետեր տեղադրվեն:

«ԱԱԾ-ին պետք է հարցնել, թե որ հատվածում ինչ օրգաններ են տեղակայվում և որ երկրի համապատասխան ծառայություններից: Այն, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում, և այն, ինչ մտահոգում է մեր ժողովրդին, պետությունն է պարտավոր այդ մտահոգությունները փարատելու: Բայց դիտարկելով այն հատվածները, որոնց մասին խոսեցիք, խոսում է նրա մասին, որ համապատասխան ենթակառուցվածքների, ճանապարհների, ինչո՞ւ չէ՝ նաև Ադրբեջանի կողմից ասված միջանցքի տրամաբանության ներքո է դա իրականացվում: Դա անել, շրջանցելով այն բոլոր ընթացակարգերը, որոնք գոյություն ունեն ՀՀ-ում, անընդունելի է: ՀՀ-ում գոյություն ունի ԱԺ, որը օրենսդիր մարմին է, և գործադիրը պատասխանատու է օրենսդրի առջև», – ի պատասխան՝ ասաց նա:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամրագրված է, որ պետք է 5 կմ լայնությամբ միջանցք լինի Արցախի և ՀՀ-ի միջև. «Երբ խոսում ենք Աղավնոյի, Բերձորի՝ ժամանակից շուտ հանձնելու մասին, այդ հարցը պետք է տալ այսօրվա իշխանություններին՝ ինչո՞ւ են ժամանակից շուտ հանձնել, ինչո՞ւ են խախտում պայմանագրի պահանջները, ինչո՞ւ է տեղի ունենում բանավոր պայմանավորվածություն»:

Նա նշեց, որ «Դիմադրություն» շարժման հիմնական նպատակը Հայաստանի թրքացմանը ոչ ասելն է. 

««Դիմադրության» շարժման հիմնական նպատակներից մեկն էր՝ թույլ չտալ ինչ-որ փաստաթղթեր ստորագրել, բայց ինչպես տեսնում եք՝ ՀՀ իշխանությունները բանավոր են այդ ամենի շուրջ պայմանավորվում, նաև Արցախի իշխանությունների հետ, և այստեղ ընդդիմությունը, բացի շարժման գործողություններից, որևիցե այլ գործիքակազմ չունի: Ընդդիմությունը չի կարող այսօր ջոկատներ կազմել, զինվել, ումո՞վ զինվել, դա պետական գործընթաց է: Պետք չէ այդ ամենը վերագրել ընդդիմությանը: ՀՀ իշխանությունները երկիրը տարել են պատերազմի, և, ամենավտանգավորը, որ պատերազմում մենք պարտություններ ենք կրել, և այդ պարտությունների շարանը շարունակվում է մինչև այսօր, և՛ այս անկախության շարժումը, և՛ «Դիմադրության» շարժումը, և՛ այսօրվա միջոցառումը նվիրվում է նրան, որ մենք կանխենք մեր անկախության կորուստը: Այսօրվա իշխանությունները՝ Նիկոլի գլխավորությամբ, կուրորեն գնում են թուրք-ադրբեջանական տանդեմի տակ մտնելու, խաղաղության կեղծ խաբկանքի տակ մտնելու»:

Սեյրան Օհանյանը շեշտեց՝ կառավարության ծրագրում նշված է, որ ՀՀ կառավարության համար անվտանգության երաշխիք է խաղաղությունը. «Խաղաղությունը չի կարող երբևիցե լինել անվտանգության երաշխիք, խաղաղությունն անվտանգության հիմնարար արժեք է, իսկ անվտանգության երաշխիքներն ազգային և միջազգային երաշխիքներն են: Ազգայինը՝ մեր ներքին ուժն է, մեր բանակը, ուժային կառույցները, միջազգայինը՝ խելացի արտաքին քաղաքականությունը»:

Նա առաջարկեց լրագրողներին՝ նույն հարցերը տալ իշխանության ներկայացուցիչներին. «Պատասխանատուն իրենք են, թող գնան, Արցախում բացատրեն, բարձրագոչ հայտարարություններ էին անում՝ Արցախը Հայաստան է, և վերջ: Նրանցից որևէ մեկին տեսե՞լ եք Արցախում: Մենք 2 անգամ նամակ ենք գրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որ անցկացնի Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ, ինչո՞ւ այդ նիստերը չեն անցկացնում: Ուղղակի հարց տվեք ԱԺ նախագահին՝ ինչո՞ւ դու քո պարտականությունները չես կատարում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ